Սերժ Սարգսյանը հանդիպել է «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները:
Նախագահ Սարգսյանը երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահել «Կատար Էյրվեյս» ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքներին. «Կատար Էյրվեյս»-ը հայկական ավիափոխադրումների շուկա է մուտք գործել 2016թ. մայիսից` իրականացնելով Դոհա-Երևան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ:
Նախագահի համոզմամբ, տարեցտարի Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացման գործում վճռորոշ դեր ունի ուղիղ ավիաչվերթերի առկայության հանգամանքը:
Նշելով, որ 2013 թվականից Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի կողմից վարվող այդ քաղաքականությունը նոր հնարավորություններ է ընձեռում թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան ավիաընկերություններին՝ ապահովելով բոլորի համար հավասար և ազատ մրցակցային պայմաններ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի և կաջակցի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն բնագավառում կատարցի ներդրողներին:
«Կատար Էյրվեյս» ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ Նորին Վսեմություն Կատարի Էմիրից արդեն ստացել է հանձնարարություն` իր գլխավորած ոլորտում Հայաստանի հետ զարգացնելու փոխգործակցությունը և վստահեցրել է, որ կանի ամեն ինչ այդ հանձնարարությունը իրականացնելու համար: Աքբար Ալ Բաքրը նշել է, որ ավիաընկերությունը տեսնում է համագործակցությունը զարգացնելու ներուժ և ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ:
Հարակից հրապարակումներ`
- Մեր երկիրը շահագրգիռ է Կատարի Պետության հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ. ՀՀ նախագահ
- Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին