Ամեն մի ընտանիք շատ յուրահատուկ ձևով պետք է կառուցվի. Արվեստագետ
«Ընտանիքի հիմքում առաջին հերթին պետք է լինի փոխադարձ հարգանք: Առանց դրա երբեք ամուր ընտանիք չի լինի»,- համոզված է Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
Panorama.am-ի հետ զրույցում խոսելով հայկական ընտանիքների առաձնահատկությունների, շատ հաճախ օգտագործվող հայկական ավանդական ընտանիքների մասին, պարոն Բաբայանն ասաց. «Այդքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում ավանդական ընտանիք: Ըստ իս կա ամուր ընտանիք, իրար սիրող, հարգող ընտանիք: Դա ավանդական չէ, պարզապես աշխատանք է, որը պահանջում է բոլորի կողմից, առաջին հերթին՝ ծնողների, որպեսզի այդ ընտանիքը կայանա»:
Արվեստագետի կարծիքով, կա մի շատ վտանգավոր տենդենց, որը կար շատ վաղուց. «Այն ինչ մենք անվանում ենք արտագնա աշխատանք, երբ որ ընտանիքները շատ երկար ժամանակով բաժանված են լինում իրարից: Դա հիմնականում ամենալավ տարիքն է, երբ որ կան փոքր երեխաներ, ովքեր նաև հոր ուշադրության պահանջն ունեն, ամենօրյա դաստիարակչական աշխատանքի կարիք ունեն, այլ ոչ թե տարեկան երկու անգամ հանդիպելու, նվեր ստանալու, ուրախանալու: Ամուսինների անձնական, նույնիսկ ինտիմ հարաբեությունները, որոնք խզվում են երկար ժամանակով, շատ ծանր հետևանքներ են թողնում»:
Ռուբեն Բաբայանի համոզմամբ, ամուր ընտանիքն ամուր պետությունն է, որովհետև այն ով կառուցում է ամուր ընտանիք, մտածում է իր տան ամրության մասին:
«Երբ որ մեր երկիրն ընկալում ենք որպես մեր սեփական տուն, ևս մտածում ենք, որ այն պետք է ամուր պահել: Դրա համար ամենաճիշտ հարաբերությունները հասարակության մեջ ընտանեկան հարաբերություններն են, որտեղ բոլորը փորձում են իրար հասկանալ, օգնել, ոչ մեկը չի փորձում ուրիշի հաշվին ինքնահաստատվել, որովհետև նման ընտանիքներն էլ ենք մենք տեսնում, բայց, չեմ կարծում, որ դրանք ամուր ընտանիքներ են»,- ասաց նա:
Ռ. Բաբայանն ընդգծեց, որ ընտանիքն առաջին հերթին կառուցվում է հարգանքի վրա:
«Վերջիվերջո ընտանիք են կազմում մարդիկ, ովքեր շատ հաճախակի պարզապես տարբեր դաստիարակություն են ստացել, տարբեր մթնոլորտում են եղել, բայց պետք է կարողանալ իրար հետ լեզու գտնել, երեխաներ ունենալ, միասին դաստիարակել երեխաներին՝ առանց որևէ մեկի եսը նսեմացնելու:
Նա, ով լուրջ մտահոգված է իր ընտանիք կառուցելու հարցում, ամուր է կառուցում, դա երկկողմանի ճանապարհ է, և կինը, և ամուսինը նույն ճանապարհն են անցնում իրար հետ: Նրանք, ովքեր գուցե շատ լուրջ չեն վերաբերում դրան, դժվարությունների են հանդիպում: Այստեղ շատ կարևոր է ծնողների դերը, ովքեր նոր ստեղծվող ընտանիքն պետք է ոչ թե փորձեն դասեր տալ, այլ ուղղորդել, չխանգարել, որովհետև միևնույն է՝ յուրաքանչյուրն իր ձևով է կառուցում ընտանիքը, երկու միանման ընտանիք չկա: Միգուցե այն հարաբերությունները, որոնք կան մի ընտանիքում, կարող են խանգարել մյուս ընտանիքում: Ամեն մի ընտանիքը շատ յուրահատուկ է, պետք է կառուցվի շատ յուրահատուկ ձևով»,- ասաց Ռ. Բաբայանը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր: