Վետերան չեմպիոն. Սպորտի համար տարիքային սահմանափակումներ չկան
Սպորտի վետերանների համաշխարհային խաղերի (World Masters Games) չեմպիոն Վահրամ Խուդոյանն արժանացել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրի: Նրան պարգևը հանձնել է փոխնախարար Գաբրիել Ղազարյանը՝ մաղթելով նոր հաղթանակներ:
«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մարզիկի համար կարևորը կամային հատկանիշներն են: Հաղթելով հեռավոր Նոր Զելանդիայում՝ Դուք հայ ժողովրդին ևս մեկ անգամ հպարտանալու առիթ տվեցիք, ևս մեկ անգամ հնչեց մեր պետական օրհներգը, բարձրացավ հայոց եռագույնը»,- ասել է նա:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Վ. Խուդոյանը նշել է՝ շարունակելու է մարզումները և իր անձնական օրինակով ապացուցելու է, որ սպորտի համար տարիքային սահմանափակումներ չկան. կարևորը մարզական կամքն ու հետևողական մարզումներն են:
Հիշեցնենք, որ Վ. Խուդոյանը, Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացված Սպորտի վետերանների համաշխարհային խաղերում հանդես գալով ծանրամարտիկների 60-64 տարիքային խմբի +105 կգ քաշային կարգում, դարձել է աշխարհի վետերանների չեմպիոն: