Նորաստեղծ «Հայրեն»-ը ներկայանում է ժողովրդական, ազգագրական երգերի նոր մշակումներով
Նորաստեղծ «Հայրեն» երգչախմբի և նվագախմբի առաջին համերգը կայանալու է մայիսի 27-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Համերգին հնչելու են ազգային նվագարաններ, ժողովրդական, ազգագրական, ռազմահայրենասիրական երգեր` մշակումներով, նաև Կոմիտաս:
Panorama.am-ի հետ զրույցում «Հայրեն»-ի հիմնադիր Վարդգես Աղասյանն ասաց, որ իրենք ներկայանում են նոր ոճով:
«Մեր երգացանկում ներառված են ազգագրական, ժողովրդական երգեր, ներկայացնում ենք ոչ թե այնպես, ինչ փոխանցվել են, այլ մշակումների են ենթարկվել: Չենք կիրառել ժամանակակից ինչ-որ տեխնիկա, ծրագիր, այլ պահել ենք հայկականը, ուղղակի մշակել ենք, դարձրել ավելի հարուստ»,- նշեց նա:
Մշակումները կատարել է կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը: Վ. Աղասյանն ընդգծեց, որ մշակումներն արված են շատ գրագետ, առանց ավելորդ նորամուծությունների:
«Այսօր շատ ունենք ազգագրական, ժողովրդական երգչախմբեր, նվագախմբեր, բայց մեր ներկայացրած ոճը չկա, դրա համար տարբերվելու ենք»,- հավելեց հիմնադիրը:
Նվագախումբը կազմված է 12 երաժշտից՝ քանոնահարներ, դուդուկահարներ, դհոլահար, թառահար, շվիահար, ուդահար, դաշնակահար, երգչախումբը՝ 10 հոգուց: Խմբավարն է Քրիստինե Խաչիկյանը:
Վ. Աղասյանն ասաց, որ նվագախումբը, երգչախումբը կազմելու համար հայտարարություն էին տարածել, այնուհետև կազմակերպել էին լսումներ, ընտրել լավագույններին. «Բոլորը երաժշտական կրթություն ունեն, սովորել կամ դեռ սովորում են Երևանի Պետական կոնսերվատորիայում, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, կամ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում»:
Առաջին համերգից հետո «Հայրեն» երգչախումբը և նվագախումբը ելույթներ է ծրագրել նաև Հայաստանի տարբեր քաղաքներում: