Նարինե Շահբազյան. Աթլետներին հագեցած սեզոն է սպասվում
Մայիսի 20-21-ին Արտաշատում կանցկացվի աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցի մոտ 120 մարզիկ 45 աթլետիկական դիսցիպլիններից (տղամարդիկ և կանայք): Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:
«Բոլոր առաջատար աթլետներն այժմ Հայաստանում են, քանի որ մայիսը հագեցած է հանրապետական մրցաշարերով: Մայիսի 7-ին ՀԱՖ-ն անցկացրեց աթլետիկայի համաշխարհային օրը, մայիսի 13-14-ը Արտաշատում կայացավ Գառնիկ Ղուկասյանի ավանդական հուշամրցաշարը: Հիմա պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը:
Հանրապետության առաջնությունից հետո կձևավորվի ազգային հավաքականը՝ Եվրոպայի թիմային առաջնության երրորդ դիվիզիոնին մասնակցելու համար (Մալթա, հունիսի 24-25): Դրանից առաջ, հավանաբար Ծաղկաձորում, մարզիկների համար ուսումնամարզական հավաք կկազմակերպվի»,- ասել է Նարինե Շահբազյանը:
Այս տարի հայ աթլետների համար միջազգային օրացույցը բավականին հագեցած է: Հուլիս-օգոստոսին կանցկացվի պատանիների աշխարհի առաջնությունը, ավագ տարիքի պատանիների (մինչև 20 տարեկան) և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև մեծահասակների աշխարհի առաջնությունը: