Համերգ-ներկայացում՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին
Մայիսի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ճանաչված օպերային երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Առաջին-Տաթևիկ» խորագիրը կրող համերգ-ներկայացումը:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, համերգ-ներկայացումից առաջ` ժամը 18:30-ին օպերային թատրոնի ճեմասրահում կբացվի երգչուհու անձնական լուսանկարների ցուցահանդեսը:
Տաթևիկ Սազանդարյանը ծնվել է 1916 թվականին, Խնձորեսկում։ 10 տարեկանում եղել է դպրոցական երգչախմբի մենակատար։ 1929 թվականին տեղափոխվել է Մոսկվա, երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ 1933 թվականից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում։ Մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, ինչն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը։ 1937 թվականին ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան` այստեղ օպերայի և բալետի թատրոնում հանդես է եկել որպես մեներգչուհի։ 1960 թվականին էքստեռն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1961 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1970 թվականին` պրոֆեսոր, 1977-1999 թթ.` ամբիոնի վարիչ), 1972-1977 թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1939 թվականին Մոսկվայում` հայ արվեստի տասնօրյակին, հանդես է եկել Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգով և արժանացել համընդհանուր ճանաչման։
Երգչուհու մեկնաբանմամբ Փառանձեմի (Տ. Չուխաջյանի «Արշակ Բ»), Թամարի (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ») և Ալմաստի դերերգերը հայկական օպերայի կատարողական արվեստի գոհարներից են: Հատուկ նրա համար են գրվել Թամարի, Շուշանի` «Արծվաբերդ» /Բաբաևի/, Նազելիի՝ «Հերոսուհին» /Ստեփանյան/, Բերբերոյի՝ «Արևի ցոլքերում» /Տեր-Ղևոնդյան/ դերերգերը։ Նրա լավագույն կատարումներից են նաև Կարմենի՝ «Կարմեն» /Բիզե/, Ամներիսի՝ «Աիդա» /Վերդի/, Իոկաստեի՝ «Էդիպ արքա» /Ստրավինսկու/, Լյուբաշայի՝ «Թագավորի հարսնացուն» /Ռիմսկի-Կորսակով/, Օլգայի՝ «Եվգենի Օնեգին» /Չայկովսկի/ և այլ դերերգերը։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Կատարել է հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների շուրջ 450 ստեղծագործություն։ Եղել է Հարությունյանի, Միրզոյանի, Սարյանի, Ջրբաշյանի, Սաթյանի մի շարք վոկալ ստեղծագործությունների առաջին կատարողը։ Կատարել է նաև Սայաթ-Նովայի և Շերամի երգերից: