Չեն որոշում մի ձև, մեթոդ, որ երեխաների համար կազմակերպվի վերջին զանգի օրը. Բախշյան
«Վերջին դասի և ավարտական երեկոյի օրը պետք է կազմակերպվի ծնող-դպրոց-երեխա համագործակցությամբ։ Ամեն ինչ պետք է որոշվի միասին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։
Մեր զրուցակիցը կարևոր է համարում 12-րդ դասարան ավարտող երեխայի համար այդ օրվա լիարժեք կազմակերպումը. «Անշուշտ, օրը ծախսեր է պահանջում և ծնողները մտածում են իրենց հնարավորությունների սահմաններում այդ օրը հիշարժան դարձնել իրենց երեխայի կյանքում։ Համամիտ չեմ, երբ կատեգորիկ արգելում են վերջին դաս կամ ավարտական երեկո անել։ Մեկ-մեկ դպրոցն ասում է՝ «ես արգելում եմ, գործ չունեմ, գնացեք ինչ ուզում եք արեք», արգելելով շատ սխալ բան ենք անում»։
Բախշյանի խոսքով՝ ցանկացած միջոցառում պետք է կազմակերպվի դպրոցի, ծնողների ու երեխաների փոխհամաձայնությամբ, իսկ եթե դասարանում կան սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ, ապա կարող են այնպես կազմակերպել, որ ոչ մի երեխա դուրս չմնա. «Ոչ մեկը դուրս չպիտի մնա, այդ օրը երեխայի կյանքում պետք է լինի»։
Նշենք, որ առայսօր Panorama.am-ի խմբագրությունը դրամահավաքության հետ կապված ահազանգեր չի ստացել, սակայն Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ ահազանգեր կան։
«Ես ունեմ ահազանգ, ծնողը չի ուզում հրապարակել անուն, դպրոց, ուղղակի որոշել են, որ երեխան չի մասնակցի միջոցառմանը։ Ահազանգը տարօրինակ թվերի մասին է։ Հավաքում են շատ մեծ չափերի գումար՝ մինչև հարյուր հազար դրամ։ Այսպիսի դեպքերն են երեխայի մեջ խոռոչ թողնում դպրոցի հետ կապված։ Դրամահավաքի մասին տարբեր մակարդակի իշխանավորներ հրահանգ են ուղարկում, բայց դրանք ընդամենը արգելում են, չեն որոշում մի ձև, մեթոդ, կամք, որպեսզի երեխաների համար, ըստ հնարավորությունների, համար կազմակերպվի այդ օրը»,- հավելեց նա։
Շրջանավարտների համար Վերջին դասը կլինի մայիսի 26-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան