«Երկիր Ծիրանին» ԿԸՀ-ից պահանջում է անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները
«Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջի մասին դիմում-բողոք է ներկայացրևել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ Դիմում-բողոքում, մասնավորապես, ասված է.
«2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների անցկացման ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները համատեղ Հանրապետական կուսակցության հետ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում և գողություն, մարդկանց կաշառելու և նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ:
Ձեզ տեղյակ ենք պահել այն մասին, որ սույն թվականի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երևան քաղաքի շուրջ 40% ընտրատեղամասերում առկա չհրկիզվող պահարանները չեն գտնվում տեսանելի վայրում` տեղամասերում առկա տեսախցիկներից չեն երևում և տեսախցիկների աշխատանքը խափանված է:
Հանրապետական կուսակցության թեկնածուի` Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում լայնածավալ, ընդգրկուն` Հանրապետական կուսակցության և իրավապահ մարմինների համատեղ ապօրինի գործունեության փաստերի վերաբերյալ ապացույցները հայտնաբերելու և իրավախախտումը վերացնելու գործառույթը անտեսվել է իրավապահների և ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ մասին ահազանգած` Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հանդեպ բռնության գործադրումը հանգեցրել է այդ լայնածավալ հանցագործությունը թաքցնելուն:
Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների գերակշիռ մասն ընգրկվել են Հանրապետական կուսակցության կողմից և կազմակերպել են ուղղորդված քվեարկություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142-րդ հոդվածի դրույթներով` պահանջում ենք 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, քանի որ վերը շարադրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա և այդպիսիք հնարավոր չէ շտկել»։
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը չի ստվերի ընտրական ողջ գործընթացը. ԿԸՀ նախագահ
- «Ելք». Զարուհի Փոստանջյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել
- Ոտնձգություն թույլ տված անձինք պատասխանատվության են կանչվելու. Զարուհի Փոստանջյան
- Զարուհի Փոստանջյան. Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ