Երևանյան դասընթացին մասնակցելու են նաև իրանցի մասնագետներ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 22-24-ը Թեհրանի ոչ նյութական մշակութային ժառանգության կենտրոնի հետ համատեղ Երևանում կանցկացվի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի ցանկերի անվանակարգերի պատրաստում» թեմայով դասընթաց։
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի նշյալ կոնվենցիային միացել է 2006 թվականին։ Այս ժամանակահատվածում կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել Հայաստանում, որոնք միտված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, պաշտպանությանն ու հանրահռչակմանը։ Վերոնշյալ ուղղությունների շրջանակում Հայաստանը 2015 թվականից անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնին (Թեհրանի կենտրոն) և ակտիվորեն մասնակցում կենտրոնի իրականացրած ծրագրերին։
Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի երկրորդ (2015 թ.) և երրորդ (2016 թ.) հանդիպումների ընթացքում որոշում է կայացվել կոնվենցիայի կիրարկման շրջանակում Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերի ուսուցողական հանդիպում իրականացնելու վերաբերյալ։ Տարբեր երկրներում իրականացվող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղություններին վերաբերող այդ դասընթացները նպատակ ունեն աջակցել անդամ պետություններին ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ինստիտուցիոնալ և մասնագիտական միջավայրեր ստեղծելու գործընթացներում։
Դասընթացին կմասնակցեն 15 մասնագետներ Հայաստանից և 4-ը՝ Թեհրանից։ Այն վարելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի սույն կոնվենցիայի ունակությունների զարգացման բաժնի համակարգող, միջազգային խորհրդատու Ժ. Բլեյքը։ Նշված հանդիպման իրականացմամբ ոլորտի հայ մասնագետներին որոշակի գործնական և մեթոդական օգնություն կտրամադրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջական անվանակարգեր, ինչպես նաև համատեղ հայտեր պատրաստելու ուղղությամբ։