Միասնական քննություններ հանձնողների թիվը պակասել է նախորդ տարվա համեմատ. Արա Իսպիրյան
Միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2- ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներով, այնուհետև յուրաքանչյուր երեքշաբթի ու ուրբաթ օրերին լինելու են միասնական քննությունների քննական օրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։
Առաջին հիմնական փուլի քննական գործընթացն ավարտվելու է հունիսի 23-ին «Ռուսաց լեզու» առարկայով:
«Միասնական քննությունների համար հանրապետությունում գործում է 29 քննական կենտրոն, 20-ը մարզերում, 9-ը Երևանում: 5 քննական կենտրոն էլ Արցախում: Այս պահին իրականացվում է կենտրոնների կահավորման գործընթացը, տեղադրվում են տեսախցիկներ, խլացուցիչ սարքեր, հեռուստացույցեր: Քննական թեստերը տպագրված, փաթեթավորված են և ամսի 23-ին ամբողջ խմբաքանակը Լոնդոնից կտեղափոխվի Հայաստան, որը Հայինկասացիայի մեքենաների միջոցով կբաշխվի բանկային մասնաճյուղերում և միայն քննության օրը առավոտյան ժամը 7:30-ից քննական կենտրոնի ղեկավարները կարող են բանկի համապատասխան մասնաճյուղից ստանալ քննական արկղը և իրականացնել գործընթացը»,-ներկայացրեց Իսպիրյանը:
ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ դիմում-հայտերի գործընթացն ավարտվել է. «Այս պահի դրությամբ առաջին փուլով հայտագրված ունենք 9737 դիմորդ, ովքեր ցանկանում են հանձնել միասնական քննություն: Սա դիմորդների ողջ ցանկը չէ, քանի որ բացի միասնական քննություններից մեր բուհերը դիմորդներ են ընտրում նաև ներբուհական քննությունների միջոցով՝ օրինակ Կոնսերվատորիան, ֆիզկուլտինստիտուտը: Նախորդ տարվա հետ համեմատած, այս պահին դրությամբ, միասնական հանձնողների թիվը պակասել է մոտ 1500-ով»:
Նրա տեղեկացմամբ՝ ամենաշատը «Հայոց լեզու և գրականությունն» ունի դիմորդ՝ 5191, ամենաքիչը՝ համաշխարհային պատմություն՝ 88 դիմորդ՝ չհաշված իտալերեն, պարսկերեն, իսպաներեն առարկաները, որոնց համար դիմում են մեկ կամ երկու հոգի:
Ըստ տարածաշրջանների՝ ամենաշատ դիմորդը Երևանից է՝ 3101, ամենաքիչը Վայոց Ձորից՝ 243:
«1641 տեղ հատկացված է պետպատվերով, մոտ 18 հազար վճարովի համակարգի համար, որի 14 հազարը պետական բուհերի համար է, 215-ը՝ Հայ-Ռուսական համալսարանի հայկական բաժնի համար, 1183-ը Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային, 3500-ը՝ ոչ պետական բուհերի համար»,-հավելեց Արա Իսպիրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մանկավարժական համալսարանն այս տարի երկու նոր մասնագիտություններով ընդունելություն կունենա
- Միասնական համակարգով հայտագրված դիմորդների թիվը նվազել է. Վաչագան Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան