Գյումրիում կանցկացվի Լենդուտա խորագրով փառատոն
Հուլիսի 29-ին Գյումրիում տեղի կունենա Արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով, որի առանցքային գաղափարն է մշակույթով արտահայտել սերն ու նվիրվածությունը Գյումրու ֆենոմենի նկատմամբ:
«Մեր գլխավոր նպատակն է փառատոնը դարձնել Գյումրու ու շրջակա համայնքների տնտեսական ներուժը, պատմությունը, մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները ներքին ու միջազգային շուկային ներկայացնելու հարթակ»,- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության փոխանցման այս մասին նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով՝ հին քաղաքի համապատկերում կհառնի նաև ժամանակակից քաղաքի տեսլականը՝ ուշագրավ ոչ միայն բնակիչների, այլև զբոսաշրջիկների համար։
Փառատոնի ընթացքում կներկայացվեն Ալեքսանդրապոլ-Գյումրու ավանդական արհեստները՝ արվեստի պրիզմայով՝ թատերական արարներով, երաժշտական ներկայացումներով ու համերգներով (աշուղականից մինչև ռոք), ցուցահանդեսներով (դասականից ընդհուպ ժամանակակից արվեստ):
Նախագիծն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի առաջարկությամբ և աջակցությամբ: