Ռուսական արվեստի թանգարանում ներկայացվելու են տարբեր ժողովուրդների անցած դարաշրջանների օծանելիքները և նրանց սրվակները
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) կազմակերպում է «Բույր, Պատկեր, Հիշողություն» ցուցահանդեսը։ Ռուսական արվեստի թանգարանից Panorama.am-ին հայտնեցին, որ ցուցահանդեսը ներկայացնում է տարբեր երկրների և ժողովուրդների անցած դարաշրջանների օծանելիքները և նրանց սրվակները` որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ:
«Սրվակները կարող են մեզ շատ բան պատմել: Դրանք (օծանելիքի սրվակները) ավելին են, քան պարզապես սրվակներ անուշաբույր նյութերի համար։ Սրվակները խոսում են ժամանակաշրջանի, մարդկանց մասին և կարող են դառնալ յուրահատուկ ուղեկցողներ դեպի պատմության գիրկը: Պետք է պարզապես ուշադիր լինել պիտակներին և դրանց վրա պատկերված սիմվոլներին»,- նշում են թանգարանից:
Ցուցահանդեսն ընդգրկում է 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերի ռուսական, ֆրանսիական, անգլիական, գերմանական, չեխական օծանելիքների սրվակներ, որոնք պատրաստվել են ժամանակի հայտնի գործարանների և դիզայներ-նկարիչների կողմից, ինչպիսիք էին՝ Լյուդվիգ Մոզերը, Ռենել Լալիկը, Կազիմիր Մալևիչը և այլոք։ Ներկայացվում են նաև վերոհիշյալ երկրների օծանելիքներն՝ սկսած 20-րդ դարի 20-ական թթ. մինչև 20-րդ դարի 70-ական թթ.։ Ցուցադրության մեջ հատուկ տեղ է գրավում ռուսական օծանելիքի պատմությունը։
Ցուցադրությունն ամփոփվում է 20-րդ դ. 60 - 80-ական թթ. օծանելիքներով, որոնց բույրերն իրենց արտացոլումը կգտնեն մեր մայրիկների և տատիկների հոգում` արթնացնելով հաճույքի և բերկրանքի զգացողություններ և վերադարձնելով նրանց իրենց մանկության, առաջին ընկերության, առաջին սիրո հուշերի գիրկը: Հավաքածուն Ռուսական արվեստի թանգարանին տրամադրել է Սարգիս Ազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թանգարանների միջազգային օրվա խորագրի հետ կապված «մեր հարևանները բողոքեցին»
- «Վան. կորուսյալ մայրաքաղաք» ցուցադրությունը՝ «Էրեբունի»-ում
- «Օտարները հայ ճարտարապետության մասին» ՝ Զվարթնոցում