«Լենդուտա». Գյումրիում կանցկացվի արհեստի ու արվեստի փառատոն
Գյումրին հանդես է գալիս նոր զբոսաշրջային փառատոնով: Հունիսին նախատեսվում է անցկացնել Արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Ալեքսանդրապոլ-Գյումրու ավանդական արհեստները՝ արվեստի պրիզմայով՝ թատերական արարներով, երաժշտական ներկայացումներով ու համերգներով:
«Ինչո՞ւ Լենդուտա: Երևի վերջերս եղել եք Արարատ Սարգսյանի նույն խորագրով ցուցահանդեսին, որը Գյումրու մասին է: Մի քիչ հումոր կա այդ բառի մեջ: Հիմքը Վեդուտան է, այսինքն Վենետիկի նկարչությունը, դրա միջոցով քաղաքին արտահայտվող սերը: Արարատը լինելով Վենետիկում, հասկացել է, որ քաղաքն իրոք ունի սիրո կարիք, և Գյումրին էլ նկարելու արժանի է, ինքն էլ ստեղծեց Լենդուտա կամ «լեննանկարչությունը»»,-լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց Գյումրիի «Berlin Art Hotel»-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:
Կազմակերպիչները մտադիր են Վարդանանց հրապարակն էլ մեկ օրով վերածել իտալական հրապարակի՝ բացօթյա մեծ սրճարանի: Նախնական պայմանավորվածություն կա տնտեսվարողների հետ: Նպատակը ոչ թե նստելու, ուտելու մեջ է, այլ մեծ էկրանին ցուցադրվելիք Գյումրիի մասին պատմող երաժշտական ֆիլմերի դիտում կազմակերպելու:
Կազմակերպիչները հույս ունեն, որ մայրաքաղաքից շատ հյուրեր գնացքով կհասնեն հայրաքաղաք: Մտադիր են խոսել ՀԿԵ-ի ղեկավարության հետ՝ առանց կանգառների չվերթներ կազմակերպելու համար:
Տոնական համերգներ՝ Բամբիռ, Ալեքսանդրապոլ խմբերի կատարմամբ, ցուցահանդեսներ ու հետաքրքրիր այլ միջոցառումներ: Ֆինանսները սուղ են, սակայն կազմակերպիչները հույս ունեն՝ նոր աջակիցներ կգտնվեն:
Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանն էլ ասաց, որ փառատոնը կլինի ամենամյա:
Թե ինչ միջոցառումներ են իրականացվելու փառատոնի շրջանակում՝ տեսանյութում: