Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր տեղի է ունեցել «Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով առաջին չվերթի բացման շնորհանդեսը, որի ավարտից հետո «Արմենիա» ավիաընկերության օդանավով առաջին ուղևորները մեկնեցին Իսրայել:
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:
Չվերթի շնորհանդեսին մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, հայաստանյան տուրիստական գործակալությունների տնօրեններ և այլ հյուրեր: