«Ավրորայի» հերոսները՝ PicsArt հավելվածում
2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության և ուղեկցող միջոցառումների շրջանակում PicsArt ֆոտո խմբագրման հավելվածը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ հավելվածի և սոցիալական ցանցի օգտատերերին ներկայացնելով նոր սթիքերներ (sticker):
Այսպիսով՝ ընկերությունը դառնում է համաշխարհային մարդասիրական շարժման մաս՝ մարդկանց հնարավորություն ընձեռելով նորարար միջոցներով և թվանշային միջավայրում արտահայտել իրենց աջակցությունը համընդհանուր մարդասիրությանը:
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ PicsArt-ի նոր սթիքերները պատկերում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարբերանշանը, «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի և հավակնորդների խոսքերը, ինչպես նաև նրանց գործունեության մասին նյութեր և նկարներ: Սոցիալական ցանցի օգտատերերը կարող են գործածել սթիքերները` լուսանկարները խմբագրելու և տարածելու համար:
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա մայիսի 28-ին Երևանում, որի ժամանակ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաև մարդասիրական գործունեությունն աշխարհում:
PicsArt-ը լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու և համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված և սոցիալական ցանց է։ Հավելվածն ունի արդեն 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով ամբողջ աշխարհում: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան