Իրան-Հայաստան հարաբերությունները շարունակելու են դինամիկ զարգանալ. իրանագետ
Իրանում մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Հասան Ռոհանիի և Էբրահիմ Ռաիսիի միջև: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Հասան Ռոհանին, մեծ հաշվով, չի կարողացել իրականացնել խոստումները՝ կրճատել գործազրկության մակարդակը, չի կատարել նաև բնապահպանական, Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ խոստումները: Այս առումով նա հայտնվել է բավական ծանր վիճակում:
Եթե մի քանի ամիս առաջ շատերը կարծում էին, որ արժանի մրցակից չունենալու պատճառով Ռոհանին հեշտորեն վերընտրվելու է, ապա այժմ այդ առումով լուրջ կասկածներ կան: Պահպանողականները կարողացան համախմբվել ծայրահեղ պահպանողական Էբրահիմ Ռաիսիի հետ, և նախընտրական քարոզարշավը խոսում է այն մասին, որ վերջինս ստանալու է զգալի թվով քվեներ»,- նշեց բանախոսը:
Իրանագետը չբացառեց, որ կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ, կամ եթե թեկնածուներից մեկը հաղթի, ապա չնչին ձայներով:
Արտյոմ Տոնոյանը շեշտեց՝ թեկնածուներից ով էլ Իրանի նախագահ ընտրվի, Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու են դինամիկ զարգանալ: Բացասական փոփոխություններ երկկողմ հարաբերություններում չեն լինելու: Իրանագետը միաժամանակ նկատեց, որ զուգահեռաբար ջերամցում է նկատվում նաև իրանաադրբեջանական հարաբերություններում: Այդ ջերմացումը, ըստ նրա, նկատելի է հատկապես Իրանի նախկին նախագահ Մուհամեդ Խաթամիի ղեկավարման տարիներից:
Հարցին՝ որքա՞ն հավանական է, որ Իրանն առաջիկայում պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Տոնոյանը պատասխանեց՝ հավանականությունը շատ փոքր է: Որքան էլ Իրանը Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենա, միևնույն է, չի դավաճանի իսլամական Թուրքիային:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին