Ռ. Միլլս. ՀՀ-ում կան էներգաարտադրման կարողություններ
Այսօր Հայաստանը հպարտությամբ կարող է խոսել այն ճանապարհի մասին, որն անցել է 25 տարվա ընթացքում էներգետիկ ոլորտի զարգացման առումով: Վերականգնվող էներգիայի հեռանկարներին նվիրված համաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլլսը:
«Չնայած 1990-ականների ծանր պայմաններին, երբ էներգետիկ առումով ճգնաժամ էր, Հայաստանը կարողացավ դուրս գալ այդ վիճակից, ձևավորել էներգետիկ համակարգ, ոչ միայն իր կարիքները բավարարել, այլ նաև արտահանել: Վերջին հինգ տարում Հայաստանում էներգիայի արտադրությունը 20 տոկոս աճ է արձանագրել»,- նշեց նա:
Դեսպանի խոսքով, այսօր Հայաստանում կան էներգաարտադրման կարողություններ, ինչը նշանակում է, որ հայաստանյան շուկան ընդլյանվում է, արդեն տարածաշրջանային նկատառումներ այստեղ կարելի է քննության առնել:
«Այս հնարավորությունները ներառում են թե ավանդական էներգաարտադրությունը, թե նաև նոր վերականգնվող կանաչ էներգիայի աղբյուրների կիրառումը»,- ասաց Ռ.Միլլսը:
Ամերիկացի դիվանագետը նշեց, որ այս իսկ պատճառով ԱՄՆ դեսպանատունն, աշխատելով իր գործընկերների հետ, կազմակերպել է այս համաժողովը՝ ներկայացնելու վերականգնվող էներգետիկայի ոլորտում առկա հնարավորությունները:
Համաժողովը կազմակերպել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու Կոնտուր Գլոբալ ընկերության հետ համատեղ: Համագործակցության հնարավոր ուղիները քննության առնելու համար մեկ հարկի տակ հավաքվել էին վերականգնվող էներգիայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ և շուրջ 70 հայկական ընկերություններ: Համաժողովին իրենց փորձը ներկայացնելու և Հայաստանում առկա գործարար հնարավորություններին ծանոթանալու համար ներկայացուցիչներ էին գործուղել յոթ ամերիկյան ընկերություններ՝ Հանիվել Բիլդինգ Սոլյուշենս, Հանիվել Սմարթ Էներջի, ՄաքԼին Փաուեր Սիսթեմզ, Ֆերսթ Սոլար Փաուեր Սոլյուշենս, Կատերպիլար, Ջեներալ Էլեկտրիկ և Կոնտուր Գլոբալ:
«ԱՄՆ դեսպանության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը երկու երկրների միջև առևտրի, ներդրումների, կոմերցիոն կապերի ամրապնդումն է: Էներգետիկ ոլորտն այն ոլորտն է, որի նկատմամբ կարող է հետաքրքրություն լինել ամերիկյան գործարարների կողմից, ինչը, բնականաբար, երկուստեք շահավետ կինի թե տեղի, թե ամերիկյան գործարարների համար»,- ասաց Ռ. Միլլսը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայաստանյան գործարարների, կառավարության խնդիրն է, որպեսզի ձևավորեն, ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանն ամերիկյան ներդրողների համար:
Նրա խոսքով, առավելապես կարևոր է, որպեսզի կառավարության կողմից ապահովվեն, երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի պայմաններ կլինեն բոլորի համար:
Նաև ասաց, որ ամերիկյան ներդրողները բավականին մեծ հետաքրքրություն են ցուցաբերել, ինչը պայմանավորված է նրանով, որ էներգետիկ ոլորտում արդեն նման գործունեության նախնական քայլեր եղել են:
«Մեր խոշորագույն ներդրումը «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումն էր: Այդ ներդրումը շատ հաջող է ընթացել, կառավարությունն աջակցել է այդ գործընթացում: «Կոնտուր Գլոբալ»-ի հաջողությունը, կարծում եմ, խթան, ոգևորող գործոն է մյուս ընկերությունների համար»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Համաժողովին ներկա «Մակլեան փաուեր ինթերնեշընըլ»-ի նախագահ Մարգարեթ Մակլեանն ասաց, որ Հայաստանում մեծ ներուժ են տեսնում էներգետիկ ոլորտում:
«Հայաստանը կարող է լավ շուկա դառնալ, այդ առումով զարգացման մեծ հեռանկարներ կան»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան