Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
Մայիսի 16-ին Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը: Գործընթացը սկսվել էր մայիսի 5-ին:
Ընկերությունից հայտնում են, որ տեղաբաշխվել է ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով 60,000 հատ արժեկտրոնային պարտատոմս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս , իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75 տոկոս է:
Պարտատոմսերը ձեռք են բերվել թե ֆիզիկական, և թե իրավաբանական անձանց կողմից: Տոկոսային արտահայտությամբ, ներդրողների 86.67%-ը ֆիզիկական անձինք են, իսկ 13.33%-ը՝ իրավաբանական անձինք:
«Տեղաբաշխումը կատարվել է Կոնվերս Բանկի ռազմավարությանը համահունչ: Պարտատոմսերում հիմնական ներդրողները, ինչպես և նպատակադրվել էինք, Կոնվերս Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներն են: Հատկանշանական է նաև, որ պահանջարկը գերազանցեց առաջին տրանշով առաջարկվող ծավալը»,- ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:
Թողարկված պարտատոմսերի ռեեստրի վարման միջնորդությունը կատարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ՓԲԸ-ին, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթներ: