Վրաստանի փոխվարչապետ. Հայաստանի ու Վրաստանի համագործակցությունը լավագույն մակարդակում է
Հայաստանի ու Վրաստանի գիտակրթական համակարգերում առկա են միևնույն մարտահրավերները, որոնց պետք է լուծումներ գտնել համատեղ ջանքերով և տարածաշրջանային ծրագրերով: Նման կարծիք են հայտնել երկու երկրների ԿԳ նախարարները Երևանում կայացած հանդիպմանը:
ԿԳՆ-ից հայտնում են, որ Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է պաշտոնական այցով: Նախարարները հանդիպմանը հուշագիր են ստորագրել: Հայաստանցի նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այն ոչ միայն մտադրությունների հուշագիր է, այլ նաև ունի հստակ առաջադրանք աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի արդյունքում ընդամենը մի քանի ամսից անցում կարվի գործնական աշխատանքի: ԿԳՆ հաղորդմամբ, համաձայն հուշագրի` վրացական կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 վրացական դրամական միավոր: Հայկական կողմը պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1.000.000 դրամը:
«Ալեքսանդրե Ջեջելավայի` նախարար նշանակվելուց հետո կտրուկ և լուրջ փոփոխություններ են եղել մեր երկկողմ հարաբերություններում՝ հանրակրթության, միջին և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև գիտության բնագավառում այն իմաստով, որ փորձելու ենք անցնել գործնական ծրագրերի՝ մեր երկու երկրների կրթական հիմնախնդիրները քննարկելու և համապատասխան լուծումներ գտնելու համար: Մեր երկու երկրներն էլ նույն կրթական բարեփոխումների փուլում են՝ միաժամանակյա և միաձև հիմնախնդիրներով, և իսկապես համագործակցության մեծ հնարավորություն կա ոչ միայն երկկողմ, այլ նաև Հայաստան-Վրաստան դեպի Եվրոպա ուղղությամբ»,-ԿԳՆ հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ, ասել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշել է, պետք է փորձենք մեր երկրները դիտարկել իբրև մեկ միասնական կրթական տարածք՝ նույն խնդիրներով և նույն արժեհամակարգով:
«Իմ աշխատանքային առաջին այցերից մեկը հենց եղել է Ախալքալաքում հայ մանկավարժների հետ հանդիպումը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ մեր երկու երկրների համագործակցությունը լավագույն մակարդակում է վերջին տասնամյակում, իսկ այս պահին, կարծում եմ, այն ամենաբարձրն է»,-ասել է վրացի նախարարը:
Ալեքսանդրե Ջեջելավան ընդգծել է, որ համագործակցության առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը:
«Այստեղ շատ կարևոր է երիտասարդ ուսուցիչների վերապատրաստումը, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նորովի մտնել դպրոցներ և կատարել մեծ փոփոխություններ: Մենք նախատեսում ենք որոշակի համատեղ գործընթացներ նաև բարձրագույն կրթության ոլորտում և հավատում ենք, որ կկարողանանք այդ ամենն իրականացնել միջազգային մակարդակով»,-նշել է վրացի նախարարը՝ ընդգծելով, որ ձևավորվող աշխատանքային խմբերի գործունեության առաջին արդյունքը մինչև տարեվերջ տեսանելի կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները