Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարան
Թանգարանների միջազգային օրվա, Թանգարանների գիշերվա առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակում մայիսի 19-ին Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարանը:
«Թաքնված էջեր կան մեզ մոտ, հետաքրքիր ձեռքբերումներ: Աշխարհում քիչ են գրատպության թանգարանները: Հին պատմություն, գրատպության ավանդույթներ ունեցող երկրում պետք է լիներ նման թանգարան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Նա նշեց, որ նման թանգարան բացելու գաղափարը ծագել է դեռ 2012 թվականին, երբ նշվեց Հայ գրատպության 500-ամյակը, Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Ասուլիսին ներկա մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ասաց, որ Գրատպության թանգարանը հետաքրքիր, կարևոր դեր կունենա հայաստանյան թանգարանային համայնապատկերում:
«Լուրջ գիտական աշխատանքի արդյունք է»,- հավելեց նա:
Տ. Զարգարյանի ներկայացմամբ, թանգարանն ունի վեց սրահ: Առաջին սրահում ներկայացված են առաջին տպագրությունները՝ առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրք», առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացույց», առաջին Աստվածաշունչը՝ Ոսկանյան: Ներկայացված է գրատապությունը սփյուռքում, վաճառականության դերը հայ գրատապությունում, առաջին և երկրորդ հանրապետությունների թողարկված տպագրական նյութերը, եզակի քարտեզներ, որոնք, Ազգային գրադարանի տնօրենի խոսքով, ձեռք են բերվել աճուրդներում:
«Ներկայացված բոլոր նյութերն արժեքավոր են, սկսած 1512 թվականին մինչև մեր օրերին վերաբերող եզակի հրատարակություններ են: Ունենք հայատառ եզդիերեն գիրք, որը տպագրվել է Էջմիածնի տպարանում 1922 թվականին, որպեսզի եզդի երեխաները դպրոցներում իրենց մայրենին սովորեն, չվերծանված այբուբեն, հայատառ ասորերեն թերթեր և այլ արժեքավոր ցուցանմուշներ»,- ասաց Տիգրան Զարգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան