Թանգարանների միջազգային օրվա խորագրի հետ կապված «մեր հարևանները բողոքեցին»
Յուրաքանչյուր տարվա մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ասաց, որ Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել են հայաստանյան և Արցախի գրեթե բոլոր թանգարանները, ընդհանուր առմամբ՝ 113 մշակութային օջախ: Ծրագրին միացած թանգարանների մուտքն անվճար է՝ մայիսի 18-ին ժամը 10:00-18:00-ն, մայիսի 20-ին՝ ժամը 18:00-24:00-ն: Այդ օրերի ընթացքում անցկացվող միջոցառումների ամբողջական ցանկը՝ այստեղ:
Թանգարանների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է` «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»: Նշված թեման հնչեցվել է ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի կողմից` ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ժամանակ և նպատակ է ունեցել անդրադարձ կատարելու համամարդկային խնդիրներին` դիտարկելով դրանք հումանիզմի տեսանկյունից:
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանն ասաց, որ ԻԿՕՄ-ի ամեն տարվա տարեկան ժողովի ժամանակ առաջին երկու տարիների թեմաները հաստատվում են. «Ազգային կոմիտեները կամ միջազգային կոմիտեների նախագահներն առաջակում են բազմաթիվ թեմաներ՝ ավելի քան 20-30 թեմա, բաց քվեարկությամբ ընտրվում է առաջիկա երկու տարիների թեմաները: Միայն թեմայի խորագիրը չես ներկայացնում, նաև պետք է մոտիվացիան տաս, թե ինչու ես այս թեման ընտրել: Իհարկե, այս թեմայի մոտիվացիան Հայոց ցեղասպանությունն էր, հատկապես որ 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն էր:
Հիմնական շեշետը դրված էր նրա վրա, որ աշխարհում բռնության ալիքը գնալով ավելի ու ավելի է բարձրանում: Այդ ամենը նպաստեց, որպեսզի բոլորը քվեարկեին ի օգուտ այս թեմայի, որ իսկապես թանգարաններն այսօր ոչ միայն գեղեցիկ արվեստների տաճարներ են, պատմամշակութային ժառանագությունը պահպանելու վայրեր են, նաև տարածքներ են, որոնք ծառայում են հանրությանը: Աշխարհի ոչ մի թանգարան չի կարող անտարբեր մնալ այն ամենին, ինչ կատարվում է իր համայնքում, երկրում, աշխարհում: Պատահական չէ, որ վերջին տարիներին թանգարաններն առավելապես ընկալվում են որպես կրթական տարածքներ, թանգարաններն իրենց վրա լուրջ սոցիալական պատասխանատվություն են վերցնում»:
Նա նշեց, որ «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը համաեվրոպական է. «Մեր և Գերմանիայի ազգային կոմիտեներն են ներկայացրել խորագիրը: Մենք իրենց հետ աշխատեցինք, բայց ցանկանում էինք, որ իրենք ներկայացնեին, որպեսզի խնդիրներ չառաջանան: Բայց էլի առաջացան: Մեր հարևանները բողոքեցին: Անգլերեն տարբերակում ինչ-որ մի ուրիշ տերմին են դրել, որը ոչ թե ցավոտ է, այլ վիճարկելի, իսկ ֆրանսերենը հենց ցավոտ կամ զգայուն պատմություններ են, բայց որպես առաջին մոտիվացիա շեշտվել է Հայոց ցեղասպանությունը: Կան թեմաներ, որոնց մասին պետք է խոսել թանգարաններում»: