Վարչապետ. Անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանների վրա
ԱԻՆ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հեռանկարային է համարել նախարար Դավիթ Տոնոյանի կողմից վերջերս կառավարություն ներկայացրած հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը:
«Մենք այդ ուղղությամբ համարձակ պետք է գնանք, որովհետև համեմատական վիճակագրությամբ հրթիռային հակակարկտային համակարգի և այսօրվա գործող համակարգի միջև սար ու ձորի տարբերություն է: Անկախ նրանից, թե դա ինչ ֆինանսական կարողություններ է պահանջում՝ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ մենք գյուղատնտեսության մեջ կարող ենք ստանալ, անհամեմատելի է: Այդ առումով պիլոտային ծրագիրն անելու ենք և դրանից հետո համապատասխան գումարներ՝ 10-12 մլն ԱՄՆ դոլար էր նախնական ներկայացված, միանշանակ հատկացնելու ենք»,-ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է գույքագրել առկա գազագեներատորային հակակարկտային կայանները՝ սեփականության ձևերից ելնելով, տեխնիկական վիճակը, տեղակայման նպատակահարմարությունը և կարգավորել ոլորտի նորմատիվ դաշտը:
«Պետք է բացառենք առանց ԱԻՆ հետ համաձայնության հակակարկտային կայանների տեղադրումը: Շատ կոշտ ձևակերպում եք, թե մեզ ինչ է պետք: Որովհետև այս բուտաֆորիան, որ մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում: Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում», - նշել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է հնչած առաջարկությունները գրավոր ներկայացնել կառավարություն՝ նշելով, որ դրանք կքննարկվեն և համապատասխան արձագանք կստանան:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած նախարարություն է, և շատ մեծ աշխատանք է կատարված: Ձեզնից ակնկալում ենք ժամանակակից և խելացի կառավարում: Մենք նախարարի հետ մինչ այս հանդիպումը խոսել ենք այսօր առկա մի քանի հնարավորությունների մասին, և ճիշտ, խելացի կառավարման դեպքում դրանց էֆեկտը շատ կլինի: Մենք ուշադրություն ենք դարձնելու զինվածությանը, ուսումնական ծրագրերին և բոլոր այն խնդիրներին, որոնք մեր գործընկերները բարձրացրեցին այսօր, որովհետև հասկանում ենք այս օղակի կարևորությունը», - եզրափակել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք՝ միայն անցյալ տարի միայն Արմավիրի մարզում հակակարկտային 12 նոր կայաններ տեղադրելու համար կառավարությունը հատկացրել էր 36 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականում կարկուտից ամբողջությամբ վնասվել է բանջարաբոստանային ցանքատարածությունները
- Դավիթ Տոնոյանն առաջարկել է ներդնել հակակարկտային հրթիռային և ցանցային համակարգեր
- Յուրաքանյուր մարզ կարկուտի պատճառով տարեկան ունենում է 2-3 միլիարդ դրամի կորուստ
- Արմավիրում կտեղադրվի ևս 12 հակակարկտային կայան
- Կարկուտը վնասել է մշակաբույսերի ցանքատարածությունները և պտղատու այգիները
- Բերբերյան. Հակակարկտային կայանները չեն օգնում գյուղացուն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին