Թուրքիայում պահանջում են դադարեցնել Գարո Փայլանի պատգամավորական անձեռնամխելիությունը
Թուրքիայում դատական մարմինների կողմից պահանջ է ներկայացվել՝ դադարեցնելու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը:
«Էրմենիհաբեր»-գրում է, որ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այսօր խորհրդարան են ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Աղբյուրը չի հստակեցնում, թե որ մարմնի կողմից է ուղարկվել դա խորհրդարան:
Վերոնշյալ պատգամավորների թվում են ԺԴԿ-ից մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, ԺՀԿ-ի պատգամավորներ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան Թյուրքմենը, Բարըշ Յարքադաշը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ մեջլիս էր ներկայացվել վերոնշյալ կուսակցությունների ևս 51 պատգամավորի անձեռնմխելիության դադարեցման պահանջ:
Թուրքիայի մեջլիսի պատգամավորների անձեռնմխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը թուրքական խորհրդարանի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջարկով: Կատարված քվեարկության արդյունքում առաջարկը ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ քվեով:
Օրենքի այս փոփոխությունը Թուրքիայի պաշտոնաթերթում ("Resmi Gazete") հրապարկվել և ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 8-ին: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել դատական գործընթաց հարուցելու մեջլիսի 152 պատգամավորի դեմ:
Աղբյուրը հիշեցնում է, այս պահին Թուրքիայում անազատության մեջ են գտնվում 10 պատգամավորներ, որոնց թվում՝ քրդամետ ընդդիամադիր ԺԴԿ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։
Միաժամանակ, հայտնի է, որ կալանավորված Ֆիգեն Յուքսեքդաղի և Դիարբեքիրից պատգամավոր Նուրսել Այդողանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են:
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից
- Զարուհի Փոստանջյանն առաջարկեց Գարո Փալյանին Հայաստան հրավիրել
- Գարո Փայլանը անցել է Հրանտ Դինքի դպրոցը . Սաֆրաստյան
- Թուրքագետ. Չեմ կարծում, որ Գարո Փայլանին կձերբակալեն