Անկարայի ակնկալիքները չարդարացան. թուրքագետ
Որքան էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ ակնկալիքներով էր մեկնում Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, սակայն ակնհայտ է, որ Անկարայի սպասումներն ու ակնկալիքները չարդարացան։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։
«Թուրք-ամերիկյան հարաբերությոններում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել, և մեկ հանդիպումով խնդիրների վերջնական հանգուցալուծումն ուղղակի անհնար է։ Մյուս կողմից, բավական հետաքրքիր է այն, որ երկու երկրների նախագահների առանձնազրույցը տևել է ընդամնեը 20 րոպե։ Սա ևս որոշակի հարցականների տեղիք է տալիս և թույլ է տալիս եզրահանգելու, որ կողմերը կարևորագույն խնդիրների առնչությամբ համաձայնության չեն եկել»,- կարծիք հայտնեց Լևոն Հովսեփյանը։
Թուրքագետի խոսքով, քիչ հավանական է, որ Էրդողան-Թրամփ հանդիպումը էական փոփոխություններ մտցնի տարածաշրջանային զարգացումներում՝ չհաշված սիրիական հարցում։
«Այս առումով բավական հետաքրքիր էր ԱՄՆ կատարած այցից հետո Էրդողանի ուղերձը, դրա մասնավորապես այն հատվածը, որտեղ Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին կոչ է անում չզինել և չհովանավորել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնապաշտպանական ուժերին։
«Այս հարցում որևէ կոնսենսուս չի կայացել, և Էրդողանը չի կարողացել ԱՄՆ-ի կողմից հավաստիացումներ ստանալ քրդերի հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ»,- ամփոփեց Լևոն Հովսեփյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
- Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն մայիսի 16-ին