ՀՀ նախագահ. Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք
«Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին: Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նաև նրա դեմ արդյունավետ պայքարելու ձևերն ու եղանակները: Փառք ու պատիվ մեր նահատակ զինվորներին ու սպաներին, փառք ու պատիվ այսօր սահմանին կանգնած մեր զինվորին ու սպային»: Վեցերորդ գումարման ԱԺ նստաշրջանի մեկնարկին իր ուղերձում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Շարունակելով խոսքը՝ երկրի ղեկավարը նշեց. «Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին, որոշակի մտածողությունն ու որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորը, թերևս, անարդարությունն է:
Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի մենք այսօր, առավել քան երբևէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը:
Դիմում եմ բոլորին. մեզնից յուրաքանչյուրը, ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար: Արդարությունը պետք է լինի այն կենարար գաղափարը, որով պետք է սնվեն մեր մանուկները, որով պետք է առաջնորդվեն մեր պետական ծառայողները, որով պետք է ապրեն մեր դատավորները»:
Նրա խոսքով, մեզնից յուրաքանչյուրն արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պահպանում:
«Սահմանը լքելը բոլոր ժամանակներում դավաճանություն է դիտարկվել: Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի, առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը:
Գուցե մի փոքր էմոցիոնալ ստացվեց ասելիքս, բայց երևի այլ կերպ հնարավոր չէ. միայն լավ օրենքներով այս չարիքը մեզնից չենք կարող հեռացնել, ինչպես որ միայն լավ դեղամիջոցներով չենք կարող բուժվել, եթե չենք հավատում մեր ուժերին, մեր բուժվելուն ու ներքին ողջ լարումով դուրս չենք գալիս ներսից մեզ հյուծող չարիքի դեմ:
Վստահ եմ, որ Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքը, Դատական օրենսգիրքը, այս ոլորտին առնչվող այլ կանոնակարգումները և բոլորիս համատեղ ջանքերը նոր որակի են բարձրացնելու մեր արդարադատությունը: Այս ճանապարհին ցանկացած թուլացում անընդունելի է, այս ճանապարհից ցանկացած շեղում՝ դատապարտելի»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Մեր երկիրը բոլոր հայաստանցիների համար պետք է լինի ամենաբարենպաստ տեղը
- ՀՀ նախագահ. Հակված եմ ԱԺ ամբիոնից սուր, բայց փաստարկված ելույթներ լսել
- Սերժ Սարգսյան. Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան