Ձեր ներկայացրած թվերից կարող է բիզնեսը վախենալ. Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձավ Սևանա լճին հարակից տարածքներում և Երևանի կենտրոնում գտնվող պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին:
Վարչապետի խոսքերով՝ ընդհանրապես Հայաստանի ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդում գտնվող գույք, չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ ավելացված արժեք ստեղծելու համար:
«Մենք խոսել ենք այդ մասին և կառավարության մեր ծրագրում նման կետ կար: Նաև պայմանավորվել էինք հատուկ վերաբերմունք ցուցաբերել Սևանա լճի ավազանին և Երևանի կենտրոնին: Կառավարության ծրագրում նախատեսված էր ներդնել նոր մեխանիզմներ՝ խթանելու պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծման հետ կապված: Պարոն Արամյան, մենք այդ մասով ի՞նչ ենք կատարել, ո՞րտեղ ենք գտնվում»,- նշեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանից հետաքրքրվեց վարչապետը:
Վարդան Արամյանն ասաց, որ աշխատանքը կատարել են, որպեսզի կառավարության ծրագրի հիմքում դրված սկզբունքով ստեղծվի գործիքակազմ, մասնավորապես, հարկման մեխանիզմների միջոցով: «Պետք է այն գույքը, որը կարող է ստեղծել ավելացված արժեք մեր տնտեսության մեջ ու նպաստել տնտեսական աճին, դա օգտագործվի իր նպատակին, հակառակ դեպքում, այդպիսի գույք պահելը լինելու է ծախսատար», - ասաց Վարդան Արամյանը՝ ավելացնելով, որ իրականացրել են վերլուծություններ ու հաշվարկներ, որոնց շուրջ առաջարկեց հաջորդ շաբաթ Կարեն Կարապետյանի մոտ կազմակերպել քննարկում:
«Շատ լավ, Ձեր ներկայացրած թվերից կարող է բիզնեսը վախենալ», - նկատեց Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ընդգծեց, որ աշխատող բիզնեսը լրացուցիչ բեռ չպետք է ստանա, իսկ բիզնեսը, որը չի աշխատում, նրա նկատմամբ պետք է կիրառել պրոգրեսիվ գույքահարկ:
«Աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, լրացուցիչ բեռ չի առաջանում, մյուսի մոտ առաջանում է: Երևանի կենտրոնի վերաբերյալ վերաբերմունքը հետևյալն է. այստեղ Երևանի քաղաքապետարանը պետք է որոշի, կարծում եմ, որոշակի տրամաբանական ժամանակ տրամադրի՝ ասելով, եթե մինչ այս ժամանակը, գույքը աշխատեցնեք՝ պրոգրեսիվ գույքահարկ չենք կիրառելու, իսկ եթե լինի ոչ, ապա կիրառելու ենք, որպեսզի լինի կանխատեսելի. չստացվի, թե մենք բիզնեսի համար պայմանը փոխում ենք առանց իրեն զգուշացնելու»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները