Ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության անդամների խիղճը նրանց տարել է դեպի իշխող ՀՀԿ. Փաշինյան
Ազգային ժողովում նախագահի տեղակալների առաջադրման հարցի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Միքայել Մելքումյանի ելույթից հետո նրան հարցով դիմեց «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին խորհրդարանում կա երկու ընդդիմադիր խմբակցություն, պատգամավորների թիվը միասին կազմում է 40: 9 պատգամավոր «Ելք»-ից, 31 պատգամավոր՝ «Ծառուկյան» խմբակցությունից: «Ելք» դաշինքը Ազգային ժողովի նախագահի թեկնածու է առաջադրում, փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընդդիմադիր թեկնածուն 12 ձայն է ստանում: Ձեր մեկնաբանությունն այս փաստի կապակցությամբ, ինչո՞ւ է ձեր խմբակցությունը քվեարկել ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի, ոչ թե ընդդիմադիր թեկնածուի օգտին: Հետաքրքիր է՝ դուք ինչպե՞ս եք քվեարկել»:
Միքայել Մելքումյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը քննարկել է այս խնդիրը, ընդունել քաղաքական որոշում՝ թողնել ազատ, այսինքն` յուրաքանչյուրը քվեարկելու է խղճի մտոք:
«Քաղաքական որոշման ընդունման շարժառիթների մանրամասները, թույլ տվեք, չասեմ, մեր խմբակցության ներքին խոհանոցն է, բայց յուրաքանչյուրը քվեարկել է իր խճղի մտոք, ինչպես գտել է նպատակահարմար»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ուղղակի տարօրինակ և ցավալի է, որ ընդդիմադիր խմբակցության անդամների խիղճը նրանց տարել է դեպի Հանրապետական իշխող կուսակցություն և ոչ թե ընդհակառակը»:
Նա նաև նշեց, որ չնայած «Ծառուկյան» ընդդիմադիր խմբակցությունը չի քվեարկել «Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջադրած թեկնածուի օգտին, բայց իրենք կքվեարկեն «Ծառուկյան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրած թեկնածուի օգտին՝ անկախ թեկնածուների նկատմամբ ունեցած անձնական դիրքորոշումների:
«Սա մեր քաղաքական որոշումն է և դիրքորոշումը»,- ասաց Ն. Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարվեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուները
- ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը
- Ինչու «Ծառուկյան» դաշինքը չառաջադրեց ԱԺ նախագահի իր թեկնածուն