Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը՝ այսօր
Այսօր կգումարվի ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, առաջին նստաշրջանի նիստերը բացումը և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Այսօր նիստը վարելու է Կնյազ Հասանովը:
Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները և ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:
Առաջին նստաշրջանի օրակարգում է՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ:
Նշենք, որ նորընտիր ԱԺ-ն ունի 105 պատգամավոր. Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ 58, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից՝ 31, «Ելք» կուսակցությունների դաշինքից՝ 9, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից՝ 7:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան