Հայտարարվեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուները
«Հայաստանի Հանրապետական» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահ տեղակալների համար առաջադրեց Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները:
«Շատ հեշտ է ինձ համար ներկայացնել մարդկանց, որոնց ճանաչում է հանրությունը, Ազգային ժողովը՝ իրենց գիտելիքներով, փորձառությամբ, հմտությամբ: Խնդրում եմ մեր պատգամավորներին գնահատել նրանց արժանիքները և կողմ քվեարկել»,- ներկայացնելով իրենց խմբակցության կողմից առաջադրված թեկնածուներին՝ հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը:
«Ծառուկյան» դաշինք խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Միքայել Մելքումյանի թեկնածությունը։
«Հինգերերոդ գումարման ժամանակահատվածում, նաև parliamentmonitoring.am-ի կողմից է արձանագրվել, որ Միքայել Մելքումյանը հինգերորդ գումարման ամենաակտիվ պատգամավորն է եղել: Հորդորում եմ, կոչ եմ անում ձեր վստահության քվեն տալ Միքայել Մելքումյանին»,- հայտարարեց խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:
ԱԺ կանոնակարգ օրենքով, Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին: ԱԺ փոխնախագահների երեք թեկնածուներից մեկը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրված պատգամավորներից:
ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Լրացում
ԱԺ նախագահի տեղակալների ընտրությունը կկայանա վաղը ժամը 10:00-10:40-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան