Արա Բաբլոյանի համար անակնկալ է եղել ԱԺ նախագահի պաշտոնում իրեն առաջադրելը
«Մի քանի օր առաջ եմ իմացել, որ իմ թեկնածությունն են առաջադրելու ԱԺ նախագահի պաշտոնում։ Ճիշտն ասած, անակնկալ էր»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության անդամ Արա Բաբլոյանը։
Հարցին, թե ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում Աժ նախագահի պաշտոնում, Արա Բաբլոյանը պատասխանեց. «Չեմ պատկերացնում, որ ինչ որ բան պետք է փոխվի, պետք է աշխատել այս պաշտոնում, պատասխանատվությունս բարձրացավ, հուսով եմ, որ կանեմ այն, ինչն ինձանից սպասում է իմ ժողովուրդը»։
Հիշեցնենք, նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու է Արա Բաբոլյանի թեկնածությունը։
Հարցին, թե հե՞շտ կլինի փոխարինել ԱԺ արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանին, նա նշեց. «Ոչ, հեշտ չի լինի: Ամեն դեպքում, ամեն մարդ իր փորձառությունն ունի: Նա մեծ փորձառություն ունի թե քաղաքական, թե պառլամենտական կյանքում: Ինչ խոսք, ամեն մեկս մեր դասերը պետք է քաղեինք: Ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք կարողանանք դրսևորել մեր կարողությունները»:
Պատասխանելով հարցին, թե «չարաճճի» պատգամավորներ եթե լինեն, ինչպե՞ս եք սաստելու, նա պատասխանեց, որ մանկաբույժ է, չարաճճի երեխաների հետ հաճույքով աշխատում է, կաշխատի բոլորի հետ:
Հարցին, թե վերլուծաբանները նշում են, որ այս պաշտոնը ժամանակավոր է, քանի տարո՞վ եք դուք պատրաստվում լինել ԱԺ նախագահ, Արա Բաբլոյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա»:
Նա հույս ունի, որ իր ղեկավարության ընթացքում Ազգային ժողովն ավելի արդյունավետ կաշխատի: