Թիվ 17 հատուկ դպրոցի կոլեկտիվը սպասում է դատարանի որոշմանը
«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց»-ի մանկավարժական կոլեկտիվը շարունակում է դպրոց չթողնել նորանշանակ տնօրեն Վերգինե Եսայանին։
Panorama.am-ի հետ զրույցում հատուկ մանկավարժ Նոյեմի Խաչատրյանն ասաց. «Այս պահին դպրոցի տնօրենին կոլեկտիվը թույլ չի տալիս նրան մտնել դպրոց, քանի որ նրա նշանակումը անօրինական ճանապարհով է եղել»։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում էր տարածել, որով տեղեկացնում էր, որ թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն է նշանակվել Վերգինե Եսայանը. «Դպրոցի տնօրենի թափուր տեղի համար երկու անգամ հայտարարվել է մրցույթը, որոնք չեն կայացել իրավազոր չլինելու պատճառով: Մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած հավակնորդները երեքն են՝ Վերգինե Եսայանը (Երևանի բժշկամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրենի տեղակալ), Հայարփի Մինասյանը («Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ` նախկին տնօրենի դուստրը) և Մարինե Աղաջանյանը («Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ» հաստատության տնօրեն): Կատարված ուսումնասիրության արդյունքում ՀՀ ԿԳ նախարարի հրամանով տնօրեն է նշանակվել Վ. Եսայանը»։
Մանկավարժի խոսքով՝ մրցույթի երկու նիստերն էլ արհեստական ճանապարհով են չեղյալ հայտարարվել. «Կարծես, ամեն ինչ անում էին, որ նիստերը չկայանան։ Մեր մանկավարժական կոլեկտիվը կարծում է, որ ներկայիս տնօրենը անօրինական ճանապարհով է նշանակվել, նախարարության կողմից, հատուկ միջամտություններով նշանակվեց»։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ ներկայիս տնօրենն ընդամենը մեկ անգամ է եղել դպրոցում, երբ հանրակրթության վարչության պետը բերեց ներկայացրեց նոր տնօրեին։
Նոյեմի Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած Հայարփի Մինասյանը դիմել է վարչական դատարան և գործը հիմա վարչական վարույթում է. «Մեր կոլեկտիվը թույլ չի տա նոր նշանակված տնօրենին մտնել դպրոց, քանի դեռ չկա դատարանի որոշումը, իսկ ճիշտ որոշման դեպքում նա չի լինի տնօրեն։ Մենք ոչ մի անձնական խնդիր չունենք նրա հետ, պարզապես մեր բողոքն այն է, օրենքով սահմանված կարգով դպրոցն ունի կոլեգիալ կառավարման խորհուրդ, որը մրցույթով պիտի ընտրեր տնօրենին։ Դա ինչի՞ համար է, եթե ձևական բնույթ է կրում, լիզորություններ չունի, որ մրցույթ կայանար և ձայները հաշվի առնեին»։
Ուսուցչուհին վստահեցրեց, որ իրենց գործողություններից ուսումնական գործընթացը չի տուժում. «Մենք չենք խախտում ուսումնական պրոցեսի ընթացքը, դասերը նորմալ բնականոն հունով ընթանում են, այստեղ սովորող ոչ մի երեխա ոչ մի վայրկյան անուշադրության չի մատնվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները