Սերժ Սարգսյան. Մեր երկիրը բոլոր հայաստանցիների համար պետք է լինի ամենաբարենպաստ տեղը
«Ուշադրությամբ հետևել եմ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավին։ Շատ մտքեր հնչեցին, եղան քննադատական ելույթներ, մոտեցումների տարբերություններ։ Բայց երբ մտքում զտում ես հրապարակված կարծիքները, ապա դրանք ի վերջո հանգում են միևնույն գաղափարին. մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան։ Սա էր, ի վերջո, բոլորի ասածը։ Սա՛ է մեր ազգային նպատակը»: ԱԺ-ում ունեցած ելույթում այսօր ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ այս նպատակին են ուղղված եղել նախկին և ներկա կառավարությունների ջանքերն ու աշխատանքը: Այդ նպատակին են ուղղված լինելու նաև վաղվա կառավարությունների ջանքերը:
«Հետևաբար, խիստ կարևորում եմ այնպիսի երկարաժամկետ նպատակային տնտեսական ցուցանիշների ամրագրումը, որոնց իրագործելը Հայաստանի կառավարությունների համար կլինի ոչ միայն պարտավորություն, այլև պատվի և արժանապատվության հարց»,-ընդգծեց ՀՀ նախագահը:
Երկրի ղեկավարը նշեց, Հայաստանի անկախացումից անցել է ավելի քան 25 տարի: Այն բավարար ժամանակ է խոր վերլուծություններ կատարելու և հետևություններ անելու համար:
«Ժամանակն է, որ մեր ծրագրման, թիրախների ամրագրման հորիզոնը դառնա առնվազն 20-25 տարի, արտահայտի այն ցանկություններն ու նպատակները, որոնց մենք ձգտում ենք և հասնելու ենք մեր աշխատանքի շնորհիվ՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Մենք չունենք ածխաջրածիններ և մեծաքանակ այլ բնական ռեսուրսներ, սակայն Հայաստանի եզակի բնակլիմայական պայմաններն ու աշխարհագրական դիրքը և ամենակարևորը՝ ստեղծագործ ու նախաձեռնող քաղաքացիները մեր տնտեսության երկարատև կայուն աճի ու մարդկանց բարեկեցության բարձրացման կարևոր և իրատեսական գրավականներն են: Բնական պաշարները սպառվելու հատկություն ունեն, մարդկային ներուժը՝ ոչ։ Ավելին, այն կարող է մեծանալ:
Մեր երկիրը բոլոր հայաստանցիների համար պետք է լինի ապրելու և ինքնադրսևորվելու ամենաբարենպաստ և ապահով երկիրը: Այդպիսին դառնալու գործընթացին յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր մասնակցությունը՝ ձևավորելով ուժեղ և արդար պետություն»,-ասաց երկրի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. Հակված եմ ԱԺ ամբիոնից սուր, բայց փաստարկված ելույթներ լսել
- Սերժ Սարգսյան. Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին