ՀՀ նախագահ. Հակված եմ ԱԺ ամբիոնից սուր, բայց փաստարկված ելույթներ լսել
«Այս դահլիճը այն թիվ մեկ դահլիճն է լինելու, որտեղ պետք է քննարկվեն ու որոշումներ ընդունվեն մեր պետության արտաքին ու ներքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ: Ասել է թե ընդամենը շատ կարճ ժամանակ անց հենց ձեր որոշումներով է ամբողջությամբ պայմանավորված լինելու, թե ինչպիսի հայրենիք մենք կունենանք վաղը, հինգ տարի հետո, հիսուն, հարյուր տարի հետ»: ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, բոլոր ժամանակներն էլ իրենց խնդիրներն են առաջացնում. մենք այս դահլիճում կայացրած որոշումների արդյունքում ավելի քիչ խնդիրներ ունեցող հայրենիք պիտի փոխանցենք մեր սերունդներին, ավելի հզոր, իր ոտքերի վրա ամուր կանգնած պետություն պիտի փոխանցենք մեր սերունդներին:
«Ակնհայտ է այն լիազորությունների մեծ ծավալը, որը շատ կարճ ժամանակ հետո ունենալու են պատգամավորներն ու կառավարության անդամները: Եթե կիսանախագահական համակարգում գոյություն ուներ այս երկու մարմիններից փաստացի ավելի բարձր կանգնած մի ինստիտուտ՝ Հանրապետության Նախագահի ինստիտուտը, որը դեռ կարող էր շտկել հնարավոր սխալները կամ ապահովագրեր այս մարմիններին հնարավոր թերացումներից, ապա խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում այդպիսի ինստիտուտ այլևս գոյություն ունենալ չի կարող: Ուստի պետք կլինի ապավինել միայն սեփական ուժերին, փորձին, շրջահայացությանը:
Լիազորությունների մեծացումը հենց այնպես չի լինում: Ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ոչ միայն իր քաղաքական ուժի առջև, այլ, նախ և առաջ ընտրողի առջև, այն բոլոր մարդկանց առջև, ովքեր այստեղ նստածների օգտին քվեարկելով, նրանց հետ հույս են կապել, ավելի լավ հայրենիք ունենալու հույս, ավելի անվտանգ ու ավելի արդար հայրենիք ունենալու հույս: Ու մենք՝ այստեղ գտնվողներս, իրավունք չունենք հուսախաբ անելու այդ մարդկանց»,-ասաց ՀՀ նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով, մարդկանց հուսախաբ չանելու համար պարտավոր են ամեն ինչ անել, որ այս դահլիճում տիրի փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության մթնոլորտ, որ այս դահլիճում տարաձայնությունները լուծվեն բանակցությունների և քննարկումների միջոցով, որ պատգամավորներից յուրաքանչյուրն իր նեղ անձնական, շրջապատի և, վերջապես, իր կուսակցության շահից վեր դասի պետության ու հայրենիքի շահը:
«Հուսախաբ չանելու համար անհրաժեշտ է նաև, որ այստեղ նստած յուրաքանչյուր ոք գիտակցի, որ կարծիքների տարբերությունը, նույնիսկ հակասությունը բնավ չպետք է թշնամացնի ձեզ: Մենք պարտավոր ենք գիտակցել, որ մեծամասնություն լինել չի նշանակում բոլոր հարցերի ճիշտ լուծումներն իմանալ, որ քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներն են, այլ մեր պետության առաջ կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ:
Հուսախաբ չանելու համար պետք է մոռանալ նախընտրական փուլում միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքները. արդար լինելու համար պետք է նկատեմ, որ այս ընտրությունների ժամանակ դրանք ավելի չափավոր էին, քան նախկինում:
Անցյալում պետք է թողնել նաև այս ամբիոնից միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելը որպես գլխավոր ու վերջնական անելիք համարելը:
Պառլամենտական բանահյուսությանը միգուցե և բնորոշ են սրամտությունները, բառախաղերը, բայց ես հակված եմ այս ամբիոնից սուր, քննադատական, սակայն հիմնավորված, փաստարկված ելույթներ լսել, քաղաքական ճաշակ ու կողմնորոշում ձևավորող խոսք ունկնդրել: Վստահ եմ, որ նման ելույթներ հնչեցնելու կարողություն ունեցող պատգամավորների պակաս այս դահլիճում չկա»,-ավելացրեց ՀՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին