Ծիծեռնակաբերդում hարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգևոր դասի և Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ներկաները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և խոնարհումով ու լռությամբ հարգել Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացրած ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կատարել է հոգեհանգստի կարգ անմեղ զոհերի հոգու հանգստության համար։
«Այսօր նաև վերածննդի օր է։ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ, և մենք պետք է միավորենք մեր ջանքերը, որովհետև ցեղասպանության ժխտումը նույնքան վտանգավոր է, որքան ցեղասպանություն կատարելը»,-ասել է Է. Շարմազանովը:
1994 թվականին Հունաստանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Պոնտոսի 600 հազարից ավելի հույների ցեղասպանությունը։ Փրկվելով թուրքական յաթաղանից՝ նրանցից շատերն ապաստան են գտել Հայաստանում և ներգրավվել մեր երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքին։
Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը խորհրդանշական է համարել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողում Պոնտոսի հույների՝ իր հայրենակիցների հիշատակի խնկարկումը, քանի որ հայ ժողովուրդն առաջինն է ենթարկվել եղեռնի։ Դատապարտելով ցեղասպանությունն իրականացնողներին` նա հույս է հայտնել, որ առաջիկայում աշխարհի առաջադեմ մարդկությունը կճանաչի և կդատապարտի Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ-ին քրիստոնյաների հետ տեղի ունեցած ողբերգությունը։
Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան և Արցախի Հանրապետությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան