Վաղվա տոլմայի փառատոնին կմասնակցի նաև զինծառայողների թիմը
Մայիսի 20-ին Հնաբերդ գյուղում (Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին քաղաքից քիչ հեռու) ակնկացվի Տոլմայի 7-րդ համահայկական փառատոնը։ Օրվա ծրագրի մանրամասները այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը։
«Այս փառատոնն արդեն սպասված է ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։ Ներկայումս ընթանում են Դվին հնավայրի թանգարանացման աշխատանքները, մեծ կարևորություն ունի նաև այդ տարածքը փառատոնի միջոցով բնակչության շրջանում ճանաչելի դարձնելը։ Այդ նպատակով էլ հնավայրի շրջակա գյուղերը ներառվում են այս փառատոնային ձևաչափի մեջ»,-նշեց Երանուհի Մարգարյանը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը տեղեկացրեց, որ փառատոնը բաղկացած է երկու մասից՝ մրցութային և գեղարվեստական։
«Վաղը ժամը 11-ից սկսվելու է մրցութային մասը, ժամը 13-ին կտրվի պաշտոնական բացման մեկնարկը։ Մասնակից թիմերը 27-ն են։ 25 տաղավար է լինելու, մեծ ոգևորություն է առաջացրել մեզ մոտ այն, որ փառատոնին կմասնակցի մեր բանակի տաղավարը՝ զինվորներից կազմված թիմով։ Լինելու է նաև սիրողական հեծանվորդների արշավ»,- մանրամասներ ներկայացրեց Սեդրակ Մամուլյանը՝ նշելով, որ վաղվա փառատոնը լուսաբանելու համար Հայաստան է ժամանել ռուսական Առաջին ալիքի աշխատակազմը։
Նա հավելեց, որ բացի տոլմայի տարբեր տեսակների համտեսից, փառատոնի ընթացքում կազմակերպվում են նաև տարբեր միջոցառումներ: Այն ուղեկցվում է ավանդական երաժշտությամբ, երգով ու պարով, ինչը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին ավելի մոտիկից ծանոթանալու հայկական ավանդույթներին ու մշակույթին։