Հայ ուշուիստները Եվրոպայի առաջնությունում 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել
Թբիլիսիում այսօր կավարտվի ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցումային վերջին օրը հայ ուշուիստները եզրափակչի չորս գոտեմարտերից երեքում հաղթանակ տարան:
Ոսկե մեդալ նվաճեցին` Արսեն Բաղրյանը (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյանը (56 կգ, երիտասարդներ) և Հայկ Գասպարյանը (56 կգ, մեծահասակներ): Ռեբեկա Բալասանյանն արժանացավ արծաթե մեդալի (65 կգ, երիտասարդներ):
Հայաստանի հավաքականը ներկայացնում էր 14 ուշուիստ ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5) և վին-չուն (2) դիսցիպլիններում: Ընդհանուր առմամբ մեր հավաքականը նվաճեց 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մայիսի 20-ին կկայանա պարգևատրման և մրցաշարի փակման արարողությունը:
«Ընդհանուր առմամբ, գոհ եմ մեր մարզիկների ելույթներից,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը,- մենք առաջին անգամ հանդես եկանք ավանդական, ոչ թե սպորտային ուշուում (սանդա): Արդյունքներն իրենցն ասում են:
Հիմա կպատրաստվենք Ունիվերսիադային (Թայբեյ, օգոստոսի 19-ից 30-ը) և աշխարհի առաջնությանը (Կազան, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը): Ունիվերսիադային մենք երկու մարզիկ կունենանք, իսկ աշխարհի առաջնությանը նախատեսում ենք հանդես գալ նվազագույնն ութ մարզիկով: