Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները
ԼՂ հակամարտության խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ շփման գծում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ:
«Հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական տեխնիկային։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից պատասխան կրակ են բացել: Այս գործողությունները երկու կողմերի դեպքում էլ հրադադարի ռեժիմի խախտումներ են ու անհանգստության տեղիք են տալիս»,-նշում են միջնորդները:
Հայտարարության մեջ նշված է, որ հարվածների թիրախներիմ պատճառների, զոհերի ու վնասների վերաբերյալ տեղեկություններն իրարամերժ են:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքել լրացուցիչ տվյալներ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական ու առավել ճշգրիտ պատկերացում կազմելու համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք արձանագրվել են վերջին օրերին ու կոչ անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հակամարտության գոտում հետագա հնարավոր էսկալացիայից խուսափելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին