Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային
Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա մարդասիրական գործունեությունը: Գրում է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական էջն ու մանրամասնում, Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ:
Տևական պատերազմի ու աղքատության պայմաններում այս բնակավայրի հարյուր հազարավոր բնակչությունն անվերջ տառապանքների մեջ է: Ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան տարիներ շարունակ այս ամենի ականատեսն է, ով Սուդան էր ժամանել խաղաղության ժամանակ, բայց չի լքել մարդկանց 2011թ. սկսված քաղաքացիական պատերազմից հետո:
«Ամերիացի բժիշկ Թոմը, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չեն մնա: Երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային և շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել:
Գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայում են խաղաղությանը, ոչ մի րոպե չեն վարանել, երբ իմացան, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում»,-գրում է կայքը:
Գևորգ Հովհաննիսյանը Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետն է, նա արդեն 23 տարի ծառայում է Հայաստանի զինված ուժերում՝ որպես ռազմական բժիշկ:
Մայոր Հայկ Հովհաննիսյանը Հայաստանի Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետի տեղակալն է:
Արմինե Բարխուդարյանըմի քանի ամիս է՝ մարդասիրական առաքելությամբ մեկնել է Քենյա՝ աշխատելու Մալինդի քաղաքի հիվանդանոցում, ուր իր կարիքը շատ էր զգացվում: Նա Սուդանում միացել է հայաստանցի գործընկերներին:
Բժիշկները Սուդան են մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջարկով՝ հնարավոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան, ով 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ է: Նախաձեռնությունն իր վրա է վերցրել բժիշկների այցի հետ կապված ողջ կազմակերպչական, ապահովագրական և ֆինանսական պարտավորությունները:
2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն և Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը:
Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին