Արամ Հակոբյանը հաղթանակով է մեկնարկել «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մայիսի 17-ին տեղի են ունեցել «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջին տուրի պարտիաները: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել Արամ Հակոբյանը. նրա մրցակիցն է եղել Կիրիլ Շյոտկինը: Մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, հաշտություն է կնքել Սերգեյ Լոբանովի հետ:
Մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տոնել նաև Կիրիլ Շուբինը, Կաչարավա Նիկոլոզին և Լամպրոս Գյանոուլակիսը:
«Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը հանդիսանում է Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի»-ի խաղարկության առաջին փուլը:
Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 17-21-ը և 23-28-ը: Մայիսի 22-ը հանգստյան օր է: