Քանի ամիս է՝ Աշոտյանի ձեռքից հացը տարել են
«Ելք» դաշինքի խմբակցության անդամ Էդմոնք Մարուքյանն այսօր ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված Արմեն Աշոտյանին ասաց, որ ինքը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել 5 տարի, և իր համար Աշոտյանի կերպարը, որպես հանձնաժողովի նախագահի, անհամատեղելի է:
Նա նշեց, որ նախ՝ Արմեն Աշոտյանը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք չունի, բացի այդ, ՀՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատուն լինելը չի նշանակում, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ՀՀԿ-ի արտաքին արտաքին քաղաքականությունը վարող մարմին է:
«Այսինքն՝ այստեղ պետք է տարանջատում ունենանք, քանի որ հանձնաժողովը ներկայացնում է խորհրդարանին, այլ ոչ թե կուսակցությանը: Ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս եք դուք պատկերացնում հանձնաժողովի աշխատանքները ձեր կեպարի ու իմ նշած համատեղելիության կոնտեքստում: Եթե ես ձեզ համեմատում եմ Արտակ Զաքարյանի հետ, բավականին լուրջ տարբերություններ կան: Ունենալով տարբեր քաղաքական հայացքներ՝ մեզ հաջողվել է շատ հանգիստ աշխատել, բայց արդյոք դա կհաջողվի ձեզ հետ: Ես խորը մտահոգություններ ու կասկածներ ունեմ, որ դուք կկարողանաք այդ հանձնաժողովը ղեկավարել»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Մինչ հարցին կպատասխաներ, Արմեն Աշոտյանը նախ հարցրեց, թե արդյոք իր պատասխանից կախվա՞ծ է լինելու Մարուքյանի քվեարկությունը և ապա շարունակեց, որ երբ ինքը բժիշկ էր և 2005 թ-ին մտավ խորհրդարան, շատերն ասում էին՝ ինչ գործ ունի բժիշկը քաղաքականության հետ, այսօր տեսնում ենք, թե բժիշկներն ինչ բարձունքի են հասնում քաղաքականության մեջ: Աշոտյանը նկատի ուներ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:
«Երբ բժիշկ էի և 2009 թվականին դարձա կրթության և գիտության նախարար, ասում էին՝ բժիշկն ուր, ԿԳ նախարարն՝ ուր: Հիմա ինձ հիշում եք՝ որպես կրթության նախարար: Երբ որ նախարար էի ու մտա Ֆեյսբուք, ձեր գործընկերներից մեկն ասում էր՝ լրջանալ է պետք, պարոն Աշոտյան, ինչ գործ ունեք ֆեյսբուքներում, այսօր արդեն մի քանի ամիս է հացը ձեռիցս տարել է: Կարծում եմ, որ այս տրամաբանական շղթան կարելի է էլի շարունակել: Պատասխանս չի ենթադրում անհամեստություն, ոչ էլ ենթադրում է՝ քվեարկեք, մենք ամեն ինչ կանենք միասին: Պատասխանը բավականին անկեղծ է»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Արտակ Զաքարյանի գործունեության վերաբերյալ դրական գնահատականի համար՝ ասելով, որ ինքը նույնպես բարձր կարծիքի է:
«Բայց երբեք ես չեմ համեմատել երկու տարբեր մարդկանց, օրինակ՝ պարոն Մարուքյան, ձեզ երբեք չեմ համեմատել Նիկոլ Փաշինայնի հետ, որպեսզի հասկանամ, թե ինչու նա դարձավ խմբակցության ղեկավար, իսկ դուք ՝ ոչ: Դա ձեր քաղաքական որոշումն է, իսկ մեր քաղաքական որոշումը եղել է ներկայացնել իմ համեստ անձի թեկնածությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքերով՝ խորհրդարանական դիվանագիտության մեջ կուսակցությունների դերը կարևոր է, քանի որ որտեղ էլ գնան, հանդիպում են եվրոպական տարբեր քաղաքական ընտանիքների: Ըստ Արմեն Աշոտյանի՝ որքան ավելի լավ է զարգացած կուսակցական քաղաքականությունն արտաքին ոլորտում, այնքան այն ավելի օգտակար կլինի իր երկրի համար:
Հարակից հրապարակումներ`
- Եթե շարունակեք դասավանդել, իմ վերաբերմունքը ձեր թեկնածությանը դրական կլինի. Արամ Սարգսյանը՝ Բոստանջյանին
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը. Գևորգ Գորգիսյան
- Խմբակցությունները ներկայացրեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին
- ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան