Առաջին անգամ Մինսկի խումբը ստիպված մատնանշում է, որ շփման գծում իրավիճակի սրման նախաձեռնողը Ադրբեջանն է. Ֆարմանյան
«ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկվա տարածած հայտարարությամբ, ըստ էության, հակամարտության միջնորդական պատմության ընթացքում առաջին անգամ Մինսկի խումբը ստիպված մատնանշում է, որ շփման գծում իրավիճակի սրման և հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողը Ադրբեջանն է»,-Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Նրա խոսքով, սա, ըստ էության, համանախագության կողմից ստիպված քայլ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կատարումից՝ կապված սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզների ներդման հետ:
«Կարծում եմ՝ մենք պետք է ողջունենք այս նախաձեռնությունը, հայտարարությունը: Կարծում եմ, որ Մինսկի խումբն Ադրբեջանի կողմից քաղաքական նման վարվեցողության շարունակության պարագայում ճիշտ կլինի նաև մտածի այդ հրադադարի խախտման դեպքերի պարագայում Ադրբեջանի կողմից կրած մարդկային կորուստների վերաբերյալ հետայսու տվյալների հրապարակման հարցում, քանի որ գիտենք, որ Ադրբեջանը սեփական հասարակությունից թաքցնում է նաև մարդկային կորուստները՝ դրանով իսկ մոլորության մեջ պահելով սեփական հանրությանը»,- ասաց Սամվել Ֆարմանյանը: