Ընտրվել է Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նոր կազմ
Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի նիստում ընտրել են ֆեդերացիայի երկու փոխնախագահներին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի անցկացրած նիստում որոշվել է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում տարվող աշխատանքները կհամակարգի Արսեն Բադալյանը, ազատ ոճի ըմբշամարտինը՝ Ռոբերտ Խաչատրյանը:
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ է ընտրվել հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ՝ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը:
Ընտրվել են նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը և Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել Արայիկ Բաղդադյանը, իսկ Երևանի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Խաչատրյանը, որը նիստի ընթացքում Հ. Ռոստոմյանի հրամանով նշանակվել է նաև Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի խորհրդական:
«Շարունակելու ենք աշխատել համախմբված՝ մեկ ընտանիքի նման: Միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողանալու ենք հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնելու ենք նորանոր հաջողությունների՝ մեդալների և մարզական նվաճումների»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը: