Բյուրականի աստղադիտարանը երիտասարդ կադրերի կարիք ունի. Արեգ Միքայելյան
Բյուրականի աստղադիտարանը պետք է ունենա հեռակա տեսլական: Աստղագիտության ոլորտում զարգացումները բավական արագ են տեղի ունենում, այնպես որ Բյուրականի աստղադիտարանը ևս պետք է համընթաց քայլերով առաջ ընթանա: Ցավալի է, բայց հայաստանյան աստղագիտությունը տեմպին չի դիմանում, հետ է մնում, և այս գործընթացը պետք է փորձել կանգնեցնել: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Բանախոսը շեշտեց՝ Բյուրականի աստղադիտարանի աշխատանքներում պետք է առաջնորդվել ոչ թե կտրուկ որոշումներով, այլ թույլ տալ, որ գոյության իրավունք վաստակած յուրաքանչյուր ծրագիր զարգանա ու կյանքի կոչվի:
Արեգ Միքայելյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ աստղադիտարանում առկա է կադրերի պակաս, մարդկային ռեսուրսների խնդիր կա: Սակայն ակնհայտ է, որ հայ աստղագիտությունն հուսալի ձեռքերում է՝ դատելով միջազգային օլիմպիադաներում հայ երեխաների ցուցաբերած արդյունքներից:
«Որոշ երիտասարդներ գալիս են, բայց դա քիչ է: Նրանք այսօրվա պատկերացումներով են շարժվում, երիտասարդները ձգտում են ստանալ մասնագիտություններ, որոնք լավ են վճարվում: Ցավոք, խելացի երիտասարդները, որոնց ներուժն առավելապես պետք է գիտության մեջ, գերադասում են պետական պաշտոնյաների օգնականներ լինել, քան գիտնական»,- նշեց բանախոսը՝ տեղեկացնելով, որ երիտասարդ գիտնականները աստղադիտարանում ներգրաված են միանգամից մի քանի ծրագրերում և միջինը 250-300 հազար դրամ աշխատավարձ են ստանում:
Արեգ Միքայելյանը տեղեկացրեց, որ Բյուրականի աստղադիտարանի ամենամեծ դիտակը, որը խորհրդային տարիներին համարվում էր աշխարհում 7-րդը, այժմ միայն 50-րդն է և համարվում է միջին որակի աստղադիտակ:
Տարածաշրջանում Հայաստանը, նրա խոսքով, աստղագիտական կենտրոն է, և 3 տարվա աշխատանքների արդյունքում Միջազգային աստղագիտական առաքելություն է իրականացնում տարածաշրջանում:
«Ներկայումս աստղադիտարանն ունի մոտ 40 աշխատակից, որից 11-ը՝ երիտասարդներ: Սա այն դեպքում, երբ խորհրդային տարիներին Բյուրականի աստղադիտարանում աշխատում էր մոտ 150 մարդ»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Արեգ Միքայելյանը՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
- Հայաստանը շուրջ կես տարի է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն է. Արեգ Միքայելյան
- Մենք Համբարձումյանով հիացած գալիս դառնում էինք աստղագետ, ոչ ոք չէր հարցնում աշխատավարձի մասին. Արեգ Միքայելյան
- Արեգ Միքայելյան. Հեշտ չէր հասնել Հայաստանը Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան