Հնդկաստանում ապրիլի սկզբից շուրջ 170 մարդ է մահացել շոգի հետևանքով
Հնդկաստանի Թելանգանա նահանգում ապրիլի 1-ից սկսած շոգի հետևանքով առնվազն 167 մարդ է մահացել: Ռիա նովոստին, հղում անելով Deccan Chronicle-ին, գրում է, որ նման տվյալներ են հրապարակել նահանգի արտակարգ իրավիճակների գործակալությունից:
Ընդ որում, գործակալությունը դեռևս այդ մահերը չի որակավորել որպես շոգի հետևանք: Դա կլինի տեղական հատուկ հանձնաժողովների զեկույցների հիման վրա, որոնք կազմված են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարից, ոստիկանության ներկայացուցչից ու բժշկից: Այդ ընթացակարգն անհրաժեշտ է, որպեսզի տեղական իշխանությունները նահանգի իշխանություններից կարողանան ֆինանսավորում ստանալ տարերքի դեմ պայքարելու համար:
Վերջին մի քանի օրը Թելանգանա նահանգում 40 աստիճան տաքություն է: Նահանգի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի: Բարձր ջերմաստիճանը կպահպանվի ևս մի քանի օր:
Հունվարին հաղորդվել էր, որ 2016-ին Հնդկաստանում 700 մարդ է մահացել շոգից: Բարձր ջերմաստիճան գրանցվում է հիմնականում մարտ-մայիսին: 2015-ին շոգից այդ երկրում մահացել է 2300 մարդ, որից շուրջ 600-ը՝ Թելանգանաում: