Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է:
«Ավրորա» 2017թ. մրցանակի շնորհման արարողության և ուղեկցող միջոցառումների նախօրեին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնում են, որ նա կհանդիպի Հայաստանի և Արցախի պետական, մշակութային ու հոգևոր գործիչներին և կներկայացնի իր գործունեությունն ու 2016թ. «Ավրորա» մրցանակի ազդեցությունը:
«Անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան, այս անգամ արդեն ավելի շատ պատմություններով: Ես Հայաստան եմ բերել այն բոլոր երջանիկ մանուկների ու երիտասարդների ուղերձը, որոնք «Ավրորա» մրցանակի շնորհիվ այսօր օթևան ունեն կամ որակյալ կրթություն են ստանում: Նրանք այժմ կարող են երազել ավելիին հասնելու մասին, - ասել է «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ավելացնելով, որ անհամբերությամբ սպասում է՝ հանդիպելու Հայաստանի և Արցախի երիտասարդներին, կանանց ու բոլոր նրանց, ովքեր իրենց հյուրընկալ դռներն են բացելու իր առաջ:
Այսօր առավոտյան Մարգարիտ Բարանկիցեն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ ցուցասրահ: Հենց Ավրորա Մարդիգանյանն է դարձել ոգեշնչման աղբյուր «Ավրորա» մրցանակի ստեղծման համար: Թանգարանում շրջայցից հետո տիկին Բարանկիցեն գրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում եղևնի է տնկել:
«Կարևորելով «Ավրորա» մրցանակի առաքելությունը և խորհուրդը, մենք անհրաժեշտ ենք համարում, որ ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկիրները, հնարավորություն ստանան նաև Ծիծեռնակաբերդում իրենց խորհրդանշական ներկայությունն ունենալ՝ մշտադալար ծառի տեսքով: Դա շարունակական ավանդույթ կդառնա և Հայաստանի, և Ծիծեռնակաբերդի համար», - ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Երևանից Մեգին կուղևորվի Հայաստանի հարավ. կայցելի Տաթևի միջնադարյան վանական համալիր, Գորիսում կհանդիպի տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների և ուսանողների հետ, կայցելի Ակսել Բակունցի տուն-թանգարան: Մարգարիտ Բարանկիցեն այնուհետև կմեկնի Արցախ, որտեղ Շուշիում կայցելի Ս. Ղազանչեցոց եկեղեցի և Վերին մզկիթ, «Նարեկացի» արվեստի կենտրոն, որտեղ տեղի կունենա մշակութային միջոցառում: Ստեփանակերտում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Արցախի պետական համալսարանի ուսանողներին, կայցելի Զոհված ազատամարտիկների թանգարան, այնուհետև կմեկնի Գանձասար:
Մարգարիտը կլինի նաև Գյումրիում, կայցելի Հայ կաթողիկե եկեղեցի, «Թռչունյան» մանկատուն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին: Էջմիածնում մրցանակի առաջին դափնեկիրը կհանդիպի նաև «Altitude 5165» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Մայիսի 26-ից Մեգին հարյուրավոր այլ հյուրերի հետ Երևանում և Դիլիջանում կմասնակցի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին, որոնք կամփոփվեն մայիսի 28-ին, Երևանում՝ մրցանակի շնորհման արարողությամբ:
Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիրն է, 2016թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթևան և խնամք:
Հարակից հրապարակումներ`
- Երեք հայ բժիշկներ մեկնել են Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու Թոմ Քաթինային
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
- «Ավրորա»-ի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա Թուրքիայում
- «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին