Գառնիի տաճարի տարածքում նախատեսում են նոր ենթակառուցվածքների ստեղծում
Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներում, ներդրումային ծրագրի շրջանակում, նախատեսվում է իրականացնել տուրիզմը տեղական զարգացման հետ կապող մի շարք նախագծեր: Գողթ համայնքում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:
«Սա ընդհանուր գաղափարախոսություն է, որով ծրագիրը ներկայացվել է ԱԺ և հաստատվել, մենք այս պահին իրականացրել ենք նախագծային աշխատանքներ տարբեր համայնքներում, այդ թվում Գառնիում»,-ասաց նա:
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատարն ասաց` կկառուցեն տարբեր ենթակառուցվածքներ, որոնք իրար կկապեն տուրիստական տարբեր պրոդուկտներ:
«Մասնավորապես Քարերի սիմֆոնիա իջնելու համար կկառուցվի ճանապարհ, կլինի կայանատեղի, լուսավորություն: Գործող ճանապարհն ունի բազմաթիվ թերություններ և անընդհատ վերանորոգման արդյունքում այն պետք է մշտական բանուկ վիճակում պահել»,-ասաց նա:
Գաբրիելյանի խոսքով, Գառնի, Գեղարդում տրված հանձնարարականների տրամաբանությամբ, պետք է վերանայել այլ համայնքային նման ծրագրեր, օրինակ Գորիսում:
Գառնիի ծրագիրը ենթադրում է 55 մլն դոլարի ներդրում, այս տարի դեռևս կիրականացվեն նախապատրաստական աշխատանքները, հիմնական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն էլ ասաց, որ ՀՀ նախագահին ներկայացվել է նաև Գառնու տաճար պատմամշակութային հուշարձան արգելոցի տարածքում մշակույթի նախարարության կողմից ենթակառուցվածքների ստեղծման նախագիծն ու այն պատկերացումները, որ պետք է ներառվեն ծրագրում:
«ՀՀ նախագահն առանձնապես ուշադրություն հրավիրեց այցելուների համար հանգստի կետեր ստեղծելու, ինֆորմացիոն նոր վահանակների տեղադրման վրա: Քննարկվեցին նաև տաճարի հանրահռչակման գործին միտված մի շարք քայլեր: Ուղիղ հանձնարարական եղավ նաև բաղնիքի խճանկարի վերանորոգման և ժամանանակից լուծումներով կառուցելու մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ամիրյանը:
Նախագծում ներառվում են նաև հուշարձանի հարակից տարածքում թանգարանի կառուցում, այնտեղ կլինի հուշանվերների խանութ, հանգստի փոքրիկ կետ, որոնք, ըստ նախարարի պաշտոնակատարի, կնպաստեն զբոսաշրջիկների թվի աճին:
Նրա խոսքով. «Այս տարվա չորս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ գրանցվել է 37 տոկոս աճ, մինչև տարեվերջ ակնկալում ենք 50 տոկոս աճ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին