Արմավիրի հողագործները պահանջում են թանկացնել վարունգը
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչներն էլ հարակից մի քանի գյուղերի հողագործների հետ այսօր բողոքում էին վարունգի ցածր գնից: Այսօր, ըստ գյուղացիների, շուկայում վարունգի գինը հասել է 50 դրամի: Մինչև մի քանի օր առաջ վարունգը վաճառել են 100-130 դրամով:
Panorama.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Վահե Գրիգորյանն ասաց, ճանապարհը փակած գյուղացիների հետ հանդիպման են եկել մարզպետարանի ներկայացուցիչները, խոստացել են հարցը ներկայացնել վարչապետին:
«Որ նայում ենք, բողոքող գյուղացիները մի կողմից իրավացի են, մի կողմից էլ՝ ոչ իրավացի: 50 դրամով տուն, երեխա պահել հնարավոր չի, մյուս կողմից էլ՝ վարչապետն ի՞նչ մեղավոր է, որ վարունգը էժան է»,-ասաց գյուղապետը:
Նրա մոտավոր հաշվարկներով, գյուղում 35 հա ջերմոց կա, 20 տոկոսում վարունգ են աճեցրել: Գյուղում 300-400 տնտեսություն կա, մոտ 15 հա վարունգի ջերմոց են մշակում: Նախորդ տարվա համեմատ, երևի 5 հազար քմ-ով կամ մեկ հեկտարով շատ-շատ ավելացած լինի»,-ասաց նա:
Գյուղապետի ընտանիքն էլ վարունգի փոքրիկ ջերմոց ունի: Ասում է, երբեք ոչ մի գյուղացի արտադրածի ինքնարժեքը չի հաշվում:
«Մենք օրերից մի օր հաշվարկ չենք արել: Ես պարզ ասեմ, եթե հաշվարկ էլ անենք, պարզվի՝ ձեռ չի տալիս, ամեն դեպքում մշակելու ենք: Անկախ գնից, մեր հողը մշակելու ենք, ազատ մնա, ի՞նչ անենք»,-ասաց նա:
Գյուղապետի խոսքով, ինքը հասկանում է, սեզոնով պայմանավորված թանկանում են ու էժանանում:
«Ուղղակի հիմա պայմանները մի քիչ փիս են, գյուղացին վարկերի տակ է, մի քանի օրից վերջին զանգ է, ավելի շատ միջոցներ են պետք: Էս խնդիրներն ավելի են սրել իրավիճակը, թե չէ ամեն տարի էլ էս է, ընենց չի, որ անցած տարի 400 դրամ է եղել, էս տարի դարձել է 100 դրամ»,-ասաց գյուղապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան