«Ելք»-ը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուներից միայն մեկին
«Ազգային ժողովի առաջին նստաշրջանում մենք տեսանք, որ, ցավոք սրտի, ինչպես ընդունված է ասել, հին ձևերով մեծամասնությունը մերժողական կեցվածք ունի փոքրամասնության նկատմամբ և այս առումով տպավորությունն առաջին նիստի արդյունքներով բավականին գաղջ է»,- Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ավարտին իր ելույթում ասաց «Ելք» կուսակցությունների դաշինք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով կոնկրետ հանձնաժողովների նախագահների պաշտոններում ՀՀԿ խմբակցության և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուների մասին, նա նշեց, որ կողմ են քվեարկելու «Ծառուկյան» խմբակցության առաջադրած թեկնածուներին, չնայած երեկվա քվեարկությունն իրենց մտահոգել է:
«Չնայած խմբակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք պաշտպանում են Ազգային ժողովում 9 հանձնաժողովի փոխարեն 10 հանձնաժողով ունենալու մեր նախագիծը, բայց դաշինքի մի շարք պատգամավորներ արդյունքում կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի առաջակած տարբերակին, ինչի արդյունքում էլ այդ առաջարկությունն անցավ»,- ասաց Ն. Փաշինյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ թեկնածուների վերաբերյալ ունեն նախկինից ոչ շատ տարբերվող դիրքորոշում. «Ընդհանուր առմամբ, դեմ ենք քվեարկելու ՀՀԿ առաջադրած թեկնածուներին, բայց ուզում ենք ընդգծել, որ այստեղ չենք եկել կողմ կամ դեմ քվեարկելու համար ուղղակի ինքնանպատակ: Կողմ կքվեարկենք ՀՀԿ առաջադրած թեկնածուներից միայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Գագիկ Մինասյանին՝ հաշվի առնելով նրա անձն ու կերպարը, նաև սրանով փորձելով ուղերձ հղել, որ մենք այստեղ եկել ենք օրենսդրական գործունեության բավականին լուրջ տրամադրվածությամբ և մեր գործունեությունը միտված և ուղղված է լինելու երկրում իրական, բովանդակային փոփոխությունների հասնելու գործին»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ստեղծվելու է 9 մշտական հանձնաժողով: ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուներն են՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հակոբ Հակոբյան, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյան, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյան, պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հրայր Թովմասյան, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Խոսրով Հարությունյան, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագաի պաշտոնում՝ Գագիկ Մինասյան:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներն են՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Նաիրա Զոհրաբյան, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարդան Բոստանջյան, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարդևան Գրիգորյան:
Նշենք, որ ԱԺ-ում արդեն մեկնարկել է հանձնաժողովների նախագահների ընտրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ընտրակաշառքի դեմ. Զեյնալյանը՝ Թովմասյանին
- Վերջին տարվա ընթացքում ռազմական բնագավառում լուրջ ծավալի աշխատանք է իրականացվել. Կ. Նահապետյան
- Պատեհ չէ, որ զինվորների հիգիենիկ պարագաները մատակարարում են ծնողները. Մանե Թանդիլյան
- Քանի ամիս է՝ Աշոտյանի ձեռքից հացը տարել են
- Եթե շարունակեք դասավանդել, իմ վերաբերմունքը ձեր թեկնածությանը դրական կլինի. Արամ Սարգսյանը՝ Բոստանջյանին
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը. Գևորգ Գորգիսյան
- Խմբակցությունները ներկայացրեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին
- ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
- «Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել