Լեզվի տեսչությունը վերացնելը ընդունելի չէ. Լավրենտի Միրզոյան
«Բավական երկար ժամանակ է, ինչ խոսակցություններ կան Լեզվի պետական տեսչության կարգավիճակը փոփոխելու հետ կապված, բայց երբևէ չէի սպասում, որ կարգավիճակը փոխվելու փոխարեն ցանկանան լուծարել տեսչությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։
Լեզվաբանի խոսքով՝ ի տարբերություն մյուս տեսչությունների, որոնք ստուգումներ են իրականացնում մեկ ոլորտում, լեզվի պետական տեսչությունն առնչվում է համընդհանուր, բոլոր ոլորտների հետ։
«Եթե տեսչությունը որոշակի խնդիրներ ունի, աշխատանքները հստակ չի կազմակերպում, դա չի նշանակում, որ այն պետք է լուծարել։ Փոխանակ վատ աշխատողներին աշխատանքից հանեն, տեսչությունն են ուզում լուծարեն։ Լեզվի տեսչությունը վերացնելը ընդունելի չէ, քանի որ այն գործադիր իշխանության այն եզակի մարմինն է, որն առնչվում է մեր լեզվի պահպանության խնդրին, այսինքն ազգային անվտանգության խնդիր է իրականացնում»,-ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է տեսչության ոչ բավարար աշխատանքին՝ նախկին պետն ասաց, որ այսօր Լեզվի պետական տեսչության աշխատանքները տեսանելի չեն. «Լեզվական քաղաքականության պետական ծրագիր պետք է մշակեն և դրանով աշխատեն։ Տերմինաշինության խնդիրներով զբաղվեն, արտաքին գովազդային վահանակների տեքստերի համար պետք է պատասխանատու լինեն, ստուգայցեր կազմակերպեն հանրապետության տարբեր քաղաքներ ու պետական մարմիններ։ Լեզվի պետական տեսչությունը բավականին խնդիրներ ունի, որ պետք է իրականացնի, հիմա եթե փակում ենք, այս հարցերով ո՞վ պետք զբաղվի»։
Լավրենտի Միրզոյանը հիշեցրեց, որ նախկինում պատրաստում էին եթերի լեզվի աղավաղումների հորդորակներ, որտեղ նշվում էին սխալները և ուղարկվում համապատասխան հասցեատերերին՝ ԱԺ, պետական կառավարման մարմիններ, լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ. «Մարդիկ իմանում էին ինչ սխալներ են թույլ տվել եթերում, որ երկրորդ անգամ նման սխալներ չանեին։ Իսկ այսօր խայտառակ վիճակ է ոչ միայն եթերում։ Գրահրատարակչության ոլորտում ևս սխալները շատ են, լույս են տեսնում գրքեր՝ անգրագետ հայերենով»։
Լեզվաբանի կարծիքով՝ Լեզվի պետական տեսչության փորձաքննությանը պետք է ենթարկվեն նաև դասագրքերը ու միասնական քննությունների թեստերը։
Այնուամենայնիվ, Լավրենտի Միրզոյանը լավատես է և հույս ունի, որ տեսչությունը չի լուծարվի։
«Շտապողականություն պետք չէ ցուցաբերել, պետք է հարցը մասնագետների հետ համակողմանի քննարկել։ Տեսչությունը պետք է ոչ թե լուծարեն, այլև կարգավիճակ փոխեն ու գործառույթներ ավելացնեն»,-ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացած տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստի ժամանակ քննարկվել և հավանություն է տվել Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագծին, որով նախատեսվում է լուծարել Կրթության գործող տեսչությունը՝ որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ տարեվերջին:
Հարակից հրապարակումներ`
- «Երբ մարդու ականջը հիվանդ է լինում, մարդուն չեն վերացնում, այլ տեղային բուժում են անում»
- Գրականագետը դեմ է լեզվի տեսչության լուծարմանը
- Վարչապետ. Տեսչական բարեփոխումները պետք է արագ կյանքի կոչել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան