Մասնագիտական կրթությունը` սահմանամերձ բնակավայրերի հզորացման նախապայման
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովների շարք, որի երկրորդ հանդիպումը կայացել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, կարևորելով հեռավոր ու սահմանային բնակավայրերի հզորացման առաջնահերթության հարցը և նպատակ ունենալով ի նպաստ տարածաշրջանային զարգացումների ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև հարաբերությունները, ԿԳ-ն նախաձեռնել է այդ գիտաժողովների շարքը:
Միջոցառման մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը խիստ կարևորում է սահմանապահ, սահմանամերձ համայնքների, և, առհասարակ, մարզային ուսհաստատությունների հզորացման խնդիրը:
«Գիտաժողովի նպատակը ոչ միայն մարզային ուսումնարանների և քոլեջների հզորացման խնդիրն է, այլ նաև ՄԿՈՒ ոլորտի ուսհաստատություններում ուսուցանվող մասնագիտությունների ցանկի վերանայումը և դրա համապատասխանեցումը մարզի աշխատաշուկայի պահանջներին: Այդ պատճառով էլ գիտաժողովին ներկա են բոլոր շահառուները՝ Կրթության և գիտության, Պաշտպանության, Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Գյուղատնտեսության նախարարությունների, Տավուշի մարզպետարանի, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչները:
ՊՆ ներկայացուցչի ներկայությունը կարևորվում է ոչ միայն մեր պետության սահմանների ամրապնդման, այլ նաև ռազմական կրթության կարևորության տեսանկյունից՝ հատկապես «Ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը: ՄԿՈՒ ոլորտի հետագա զարգացումն էլ հենց տնտեսության շարժիչ ուժն է»,-նշել է Ա. Աղբալյանը:
Նա հույս հայտնեց, որ գիտաժողովի արդյունքում պետական գերատեսչությունների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները կգան ընդհանուր հայտարարի, և յուրաքանչյուր կողմ կնախանշի իր հետագա ռազմավարական ծրագրերը և հիմնական ուղղությունները, որոնք էլ իրենց կտանեն ՄԿՈՒ ոլորտի հետագա զարգացմանը և կընդգրկվեն մշակվող ռազմավարական ծրագրում:
Բերդի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Աննա Ավալյանի խոսքերով՝ համաժողովը սպասված էր Բերդի տարածաշրջանում, քանի որ, ըստ ուսումնարանի տնօրենի, դեռևս օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել էր սահմանամերձ շրջանների նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք պետք է անպայման գտնվեն պետական կառույցների ուշադրության կենտրոնում:
Ըստ նրա՝ նման գիտաժողովները օգնում են վերհանել մարզային ուսումնարանների և քոլեջների խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ երկրի արդյունաբերական և գործարար հատվածի զարգացումների, սահմանամերձ տարածաշրջաններում ներդրումների, բիզնես նախաձեռնությունների, ակնկալվող կադրային կարիքների ու մասնագիտական կարողությունների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև հնարավոր համագործակցության հարթակների վերաբերյալ։
Իրենց ելույթներում գիտաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև գործատու-կրթություն-աշխատաշուկա արդյունավետ գործընկերության անհրաժեշտությանը և դրանց ուղիներին: Մասնավորապես, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բերդի պետական արհեստագործական ուսումնարանին՝ տրամադրելով հաստոցներ, դիդակտիկ նյութեր և բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնց աջակցությամբ և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթության ձևերով կադրեր կպատրաստվեն «Տավուշ տեքստիլ» ընկերության համար: Նրա խոսքով՝ սա հանդիսանում է մասնավոր սեկտոր-կրթություն համագործակցության լավագույն օրինակ:
Ելութներից հետո հնչել են հարց ու պատասխաններ, որոնց ընթացքում գիտաժողովի մասնակիցները հույս են հայտնել, որ ռազմավարական ծրագրերի, գիտության, կրթության և մասնագիտացված աշխատանքի միջոցով երկրի ռազմավարական զարգացման գործում հետաքրքրված անձանց հետազոտությունների, հաջողված փորձի ու նվաճումների այս քննարկումը հնարավորություն կտա ձևավորել գործուն և արդյունավետ համագործակցության մեխանիզմներ, խթանել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով բնակչության և արդյունաբերության մրցունակության բարձրացումը հեռավոր, սահմանամերձ և սահմանապահ համայնքներում։
Գիտաժողովի ամփոփիչ հատվածում մասնակիցներն իրենց աշխատանքները շարունակել են թեմատիկ սեկցիաներում՝ բիզնես համագործակցություն-հնարավոր ծրագրեր, ՊԿ և ՏԻՄ համագործակցություն հնարավոր ծրագրեր:
Նշենք, որ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ամբողջացվելու, վերլուծվելու, դասակարգվելու են ըստ խնդիրների և առաջարկների, իսկ հետագայում՝ որպես հնարավոր գործողություններ բաշխվելու են համապատասխան կառույցներին կամ կազմակերպություններին:
ՀՀ Տավուշի մարզ այցելության ընթացքում գիտաժողովի մասնակիցներն այցելել են նաև Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, ծանոթացել ուսհաստատության նյութատեխնիկական բազային և զարգացման ծրագրերին: Այցելության ընթացքում մասնակիցները հանդիպել են կանադահայ ներդրող Վահրամ Վահրամյանի հետ, ով ԿԳՆ ներկայացուցիչներին առաջարկել է քոլեջում իրականացնել փայտամշակման կարճաժամկետ դասընթացներ, որոնց արդյունքում համապատասխան հմտություններ ստացած երիտասարդ մասնագետները կապահովվեն աշխատանքով իր կողմից իրականացվող բիզնես ծրագրում:
Գիտաժողովի մասնակիցները շրջայցեր են կատարել նաև տեղական արտադրության կազմակերպություններ՝ Չորաթան և Այգաձոր գյուղերում տեղակայված «Տավուշ տեքստիլ» և «Էկոգարդեն» արտադրական ընկերություններ, ծանոթացել վերջիններիս արտադրանքին, ինչպես նաև քննարկել աշխատաշուկա-կրթություն կապի հնարավորությունը:
Գիտաժողովի ամփոփիչ՝ երրորդ օրը, նախատեսվում է մասնակիցների այց N զորամաս, որի ընթացքում վերջիններս կհանդիպեն զինծառայողների հետ:
Հիշեցնենք, որ «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով առաջին գիտաժողովը կայացել էր ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին